Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին դեռ չունենք կրթության զարգացման պետական ծրագիր՝ անորոշության մեջ լողում ենք և իրավիճակային որոշումներով փորձում տեղաշարժվել՝ ըստ Yerkir.am-ի ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ «Հոդված-3» ակումբի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ։
Նրա համոզմամբ՝ արտակարգ դրությունը դրական դերակատարում է ունեցել, քանի որ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները, դասախոսներն ու ուսանողներն այս ընթացքում իրենց թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ տեմպերով բարձրացրել են, քան, գուցե, նախորդ տարիները միասին վերցրած։
«Գիտենք, որ նախորդ տարիներին վերապատրաստումներին հաճախ լինում էր դիմադրություն, որ՝ մեր ինչի՞ն է պետք համակարգիչը, միևնույն է՝ դպրոցում համակարգիչ քիչ ունենք, ես 60 տարեկան եմ, ինտերնետը նորմալ չէ, և այլն։ Թվային տեխնոլոգիաներն օգտագործելու համար բավական մեծ դիմադրություն կար, իսկ հիմա ճգնաժամը մարդկանց շատ համոզիչ ցույց տվեց, որ, անկախ տարիքից, առարկայից ու սեփական կարծիքից, կան իրավիճակներ, որ դու արդեն ստիպված ես ինչ-որ բաներ սովորել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Բարձրագույն կրթության մասով էլ, նրա համոզմամբ, հեռավար ուսուցումը մեծ հեռանկարներ ունի։
«Հուսով եմ, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո համակարգն այն ավելի արդյունավետ կօգտագործի։ Հանրակրթության առումով ասեմ, որ հեռավար ուսուցումը՝ որպես ուսուցման միակ ձև կամ զանգվածային ձև, առանձնապես արդյունավետ չէ։ Դրա մասին բազմաթիվ հետազոտություններ կան։ Հանրակրթության պարագայում այդ ֆիզիկական կոնտակտը շատ կարևոր է, բայց, իհարկե, թվային գործիքները, որոշակի դրվագներով, հուսով եմ, որ հանրակրթության մեջ կկիրառվեն»,-ասաց նա։
Բոլորին այս պահին հուզում է թվանշանների խնդիրը՝ նկատեց նա։ Դեռևս մարտ ամսին կրթության փորձագետը հարց էր ուղղել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի հստակեցնեն՝ այն, ինչ անում ենք, ֆորմալ ուսումնական գործընթա՞ց է, թե՞ հայտնվել ենք անելանելի իրավիճակում ու պետք է փորձենք մինչև մայիս երեխաներին ինչ-որ բան սովորեցնել։
«Սա կարևոր էր, որովհետև այդ օրերին ուսուցիչներին հուզում էր՝ թվանշան լինի՞, գրավոր անցկացնե՞ն, թե՞ չէ։ Այս հարցերը մնացին անպատասխան։ Լավ էր, որ նախարարությունն ուսուցիչներին վստահեց՝ ասելով, որ իրենք որոշեն, թե որ ծրագրով կարելի է դասերն անցկացնել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Սերոբ Խաչատրյանը անդրադարձավ նաև նախարարության այն փաստարկին, որ կիսամյակային և տարեկան արդյունքները կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա, քանի որ ունենք 20 տոկոս աշակերտներ, ովքեր դուրս են մնացել հեռավար կրթությունից և անարդար կլինի նրանց հանդեպ։
Կրթության փորձագետի խոսքով՝ դուրս մնացած աշակերտների խնդիրը միշտ եղել է․ «Եթե թվում էր, որ երեխաները գնում են դպրոց ու ներգրավված են դասերին, այդպես չէ։ Միջազգային հետազոտություններում էլ ընդունվում է, որ դպրոց գնալը դեռևս չի նշանակում՝ կրթության մեջ ընդգրկված լինել։ Եվ կա նոր հասկացություն, որը կոչվում է՝ սովորող երեխա։ Այսինքն, նաև դրանով է չափվում կրթության մեջ ընդգրկվածությունը։ Երեխան գնում է դպրոց, բայց դասերին ներգրավված չէ։ Ունենք երեխաներ, որ մինչև այս իրավիճակն իրենց դաս չեն հարցրել։ Ոչ թե, որ չեն ուզել, այլ՝ նա ի վիճակի չի եղել ուսումնական ծրագիրը հասցնել։ Նա այնքան է հետ մնացել ծրագրից, որ ընդամենը ֆիզիկական ներկայություն է ապահովել։ Շատ հարցեր, որ լավ չէինք տեսնում՝ տեսանք։ Դպրոցը փակվեց, ու տեսանք սոցիալապես անապահով երեխաների, ովքեր դուրս են մնում կրթական համակարգից։ Չէի ուզենա, որ նախ և առաջ՝ ուսուցիչների միջև թվային սակարկություն լիներ․ 6․1 է, 7 դնեն։ Ավելի լավ է՝ ասեին, որ ուսուցիչները որոշեին»։
Նա նաև իմացել է, որ այն աշակերտների համար, ովքեր վերաքննություն են հանձնելու, անհատական պլան պետք է կազմվի, և հունիսի 5-ին վերաքննություն պետք է լինի։
«Ինձ հետաքրքրիր է, որ, եթե երեխաներն այս պահին չունեն համակարգիչ, հեռախոս, պլանշետ, ինչպե՞ս են պատրաստվելու այդ վերաքննությանն ու հանձնելու։ Ինչպե՞ս ենք անելու, եթե սարքեր, ինտերնետ չունեն»,-տարակուսեց նա։
Այո, ռազմավարական հարց է, որ ոչ թե թվանշանի, այլ գիտելիքի համար պետք է սովորել, բայց խնդիրն իրավիճակային լուծման մեջ չենք կարող տեղավորել՝ ասաց փորձագետը։
«Օրինակ, 9-րդ դասարանի թվանշանները կարևոր են լինելու քոլեջ ընդունվելու ժամանակ։ Բուհերում ընդունելության ժամանակ արտոնություն է տրվելու բարձր թվանշան ունեցողներին, մեդալակիրներին։ Այսինքն, այս իրավիճակում արդեն ունենք թվանշանի դերի ուռճացում, հետևաբար՝ այս պահին մարդկանց փորձել համոզել, որ՝ ժողովուրդ ջան, եկեք գիտելիքը կարևորենք, ոչ թե թվանշանը, իրավիճակի համար այդքան էլ ճիշտ չէ։ Միայն թվանշան հանելով չէ, երեխաները պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով։ Տեսնում են, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր գիտելիք չունեն՝ բարձր են գնահատվում՝ նյութականի ու այլ գործոններով պայմանավորված»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․