կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-31 13:48
Հասարակություն

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ռուսահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ռուսահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

«Դեպի Արարատ» կազմակերպության նախաձեռնությամբ` Մոսկայում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետության գիտության եվ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի և Ռուսաստանի երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ։

Թեև հանդիպումը ոչ պաշտոնական էր, սակայն Ռուսաստանի հայ երիտասարդների ու տարբեր բուհերում սովորող ուսանողների համար սպասված էր ու կարևոր։

Նախարարը բաց և անկեղծ զրույց ունեցավ ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, խնդիրների ու մարտահրավերների, այնպես էլ ռուս-հայկական համագործակցության, Հայաստանի անվտանգության ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ։

Ելնելով արտաքին մարտահրավերներից ու անվտանգության տեսանկյունից` նախարարը կարևորեց երկրում բնական գիտությունների զարգացումը, խոսեց այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերից: Մասանավորապես ներկայացրեց «Հորիզոն քսան-քսան» նորարարությունների եվրոպական ծրագրին անդամակցության կարգը, որը լայն հնարավորություններ է բացում Եվրամիության գիտական դրամաշնորհներից օգտվելու համար։

Նախարարը խոսեց նաև Հայաստանում համալսարանական կրթության համակարգը բարեփոխելու և Ռուսաստանում ուսանող հայ երիտասարդներին այդ գործընթացներում ընդգրկելու հնարավորություններից: «Այստեղ հավաքված ուսանողներն արդեն իրենց հիմնական խնդիրը լուծել են, եթե համախմբվել են այստեղ՝ «Դեպի Արարատ»-ի ներքո, ուրեմն արդեն կապված են իրենց հայրենիքի հետ, դա նշանակում է, որ Ռուսաստանում սովորող ուսանողները, անկախ որևէ բանից, պետք է տեղեկացված լինեն հայաստանյան կրթական ոլորտից, պետք է պատկերացնեն այն խնդիրները, որ կան Հայաստանում, որպեսզի իրենց գիտելիքներով կարողանան օգտակար լինել մեր երկրին»,- նշեց նախարարը։

Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բազմաթիվ բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին` նա հավելեց, որ Հայաստանի կրթական համակարգը պետք է պատրաստ լինի դիմագրավել աշխարհում տեղի ունեցող մարտահրավերներըն և կարևորեց «Դեպի Արարատ» կազմակերպության շուրջ համախմբված հայ երիտասարդների դերն այդ գործում։ «Ձեր սերունդը պետք է հավատա Հայաստանի վաղվա օրվան ու լինի նախանձախնդիր տարբեր ծրագրերի իրականացման գործում»,- նշեց նախարարը։

Հանդիպման մասնակիցները նախարարին ուղղեցին կրթության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր։

Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի մագիստրոս Նարեկ Հարությունյանի համար ևս հանդիպումը շատ կառուցողական էր․ «Ես շատ օգտակար տեղեկություններ ստացա Հայաստանի կրթության համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, որը մեզ ներկայացրեց կրթության նախարարը, և հույս ունենք, որ այս ամենը կիրականացվի, քանի որ բոլորս էլ ցանկություն ունենք վերադառնալու հայրենիք»։

Գուբկինի անվան նավթի ու գազի ինստիտուտի ուսանող Արշակ Շուգյանի համար հանդիպումը հնարավորություն էր ոչ միայն ծանոթանալու կրթության ու գիտության նորություններին, այլև նոր լույսի ներքո տեսնելու Հայաստանն ու նրա ապագան։

«Հայաստանում իրականացվող գիտակրթական ոլորտների գործընթացներն ավելի խորքային հասկանալու ցանկությունն ու բարձրացված հարցադրումները ցույց տվեցին, որ ռուսահայ երիտասարդները շատ ավելի խոր արմատներով են կապված հայրենիքին և պատրաստ են իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի զարգացման ու հզորացման նպատակին», – նշեց Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանն ու հավելեց, որ նմանատիպ հանդիպումները կդառնան շարունակական և հնարավորություն կընձեռեն համախմբելու ռուսահայ երիտասարդների ներուժը: