կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-24 11:12
Հասարակություն

Ռուսահայ համայնքն անփոխարինելի է Հայաստանի համար

Ռուսահայ համայնքն անփոխարինելի է Հայաստանի համար

Պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ:

 

Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա և աշխույժ զարգացում է ապրում` համապատասխանելով մեր երկու երկրների շահերին, հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան և փոխադարձաբար օգտակար է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար:

 

«Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած և շարունակաբար կատարվող ներդրումը: Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները` մեր տնտեսության մեջ հիմնական ներդնողները: Այդ տպավորիչ ցուցանիշների և հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն են ռուսահայերը:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ձեր համայնքը մեր հայրենիքից` Հայաստանից դուրս ապրող ամենաստվար հայկական ընդհանրությունն է: Մոսկվայի նորակերտ հայկական տաճարը` Սուրբ Խաչը, իր օրհնությունն է բերում ոչ միայն ռուսահայությանը, այլև աշխարհի ամենամեծ հայ համայնքի հարազատ տուն դարձած երկրի մայրաքաղաքին»,- հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նախագահն իր և Հայաստանի ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել ռուսահայ համայնքին` նշելով, որ իր մարդկային ներուժով, հավաքական գոյությամբ և անսպառ աշխուժությամբ, համայնքը կարևոր և անփոխարինելի է Հայաստանի համար: