Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների բարձրացրած խնդիրները վերաբերել են կրթության որակին և բուհից հեռացված դասախոսների հետագա գործունեությանը:
«Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա, առաջին` նրանք պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն դատական կարգով՝ ելնելով Աշխատանքային օրենսգրքի պահանջներից, և երկրորդ` պետք է հասնել նրան, որ համալսարանի բոլոր դասախոսական պաշտոնների համար հայտարարվեն մրցույթներ: Ես կարծում եմ, որ ընտրված դասախոսը բուհում կարող է այլ, ավելի ապահով կարգավիճակ ունենալ, քան աշխատանքային պայմանագրով աշխատող դասախոսը: Սա մեզ համար սկզբունքային կարևոր մոտեցում է, որն ամրագրված է նաև Ազգային ժողովում այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Դասախոսի իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինելու համար նա պետք է ընտրված լինի»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ կրթության որակի տեսանկյունից առաջնային մտահոգություն է Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնագիտական որակի բարելավումը:
«Ուսանողներն իրավունք ունեն ավելի որակյալ կրթություն պահանջելու: Ինձ համար, իբրև նախարարի, ամենակարևորն այդ հարցն է»,- շեշտել է նախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև հանդիպում դասախոսների հետ:
Նրա համոզմամբ՝ պայքարի օրինական ճանապարհներ միշտ կան, և բուհական միջավայրում գիտանականի նկատմամբ հալածանքը կամ այդ կարգի այլ գործողություններն անթույլատրելի են: «Մրցույթների համակարգի ներդրման դեպքում նույն դասախոսները կարող են դիմել, մասնակցել մրցույթին և վերականգնել իրենց աշխատանքը»,- համոզմունք է հայտնել Լևոն Մկրտչյանը:
Ի պատասխան լրագրողի՝ կրթության որակի անկման մասին հարցի, նախարարը նշել է. «Երբ մանկավարժական ինստիտուտ անվանումը փոխարինվում է համալսարան անունով և խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ քաղաքին, մենք պարտավոր ենք խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերել: Այս դեպքում, բնականաբար, խոսքը սոսկ անվան փոփոխության մասին չէ, որովհետև փոխվում է նաև բուհի առաքելությունը: Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողին մենք պետք է դիտարկենք ոչ միայն որպես ապագա պատմության ուսուցչի, այլ առաջին հերթին որպես պատմաբանի: Այս մոտեցումը ենթադրում է ծրագրային լուրջ փոփոխություն, և այս հարցում Շիրակի պետական համալսարանին կարող է օգնել Երևանի պետական համալասարնի պատմության ֆակուլտետը: Այս համատեքստում դիտարկվելու է և' կադրային բազան, և' ծրագրային հագեցվածությունը»:
Լրագրողների հետ հանդիպումից հետո ԿԳ նախարարն ու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հանդիպում են ունեցել նաև բուհի պատմության և փիլիսոփայության ամբիոնի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ: Նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հորդորել է նրանց` աշխատանքային խնդիրը կարգավորել իրավական ճանապարհով, ինչպես նաև մասնակցել առաջիկայում հայտարարվելիք թափուր տեղերի մրցույթներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ մի խումբ դասախոսներ, ովքեր առաջարկել են իրենց մասնագիտական աջակցությունը Շիրակի պետական համալսարանում կրթության որակի բարձրացման և կատարելագործման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համալսարանի ծրագրերին առնչվող մի շարք մասնագիտական հարցեր: