կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-15 19:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարման մոդելի փոփոխության հարց չկա սահմանադրական բարեփոխումների օրակարգում. փոխնախարար

ՀՀ Սահմանդրությունը մտադիր են փոխել կառավարության՝ նախորդ տարի հաստատած դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված ուղղություններով, թեև դրանք պարտադիր բնույթ չեն կրելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

Իբրեև օրինակ նշեց Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկելիության հարցը, ԱԺ պատգամավորների թվի հարցը և այլ հարցեր, որոնք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի՝ ըստ կառավարության ռազմավարության։  

Կառավարման մոդելի փոփոխության հարց օրակարգում չկա՝ վստահեցրեց փոխնախարարը, նշելով, որ փոխոխությունների բնույթը որոշելու է հանձնաժողովը։

Մտավախությանը, որ Սահմանդրությունը մտադիր են փոխել՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից և ՍԴ գործող կազմից ազատվելու համար, փոխնախարարը փորձեց փարատել․ «Եթե հետադարձ հայացք գցեք և նայեք, թե երբ էր մշակվել դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և երբ ընդունվեց, այդ հարցը դուրս կգա»,-ասաց նա։

Այսուհանդերձ, հանձնաժողովի ստեղծման մասին վարչապետը որոշում ընդունեց Հրայր Թովմասյանի դեմ սկիզբ առած գործընթացին զուգահեռ։ Փոխնախարարը բացառեց կապը՝ նշելով ևս մեկ փաստարկ․ «Հանձնաժողովն այսօր չէ, որ որոշվեց ստեղծել, դրա մասին հայտարարվում էր ամբողջ նախորդ տարում»։

Պարզվում է՝ սահմանադարական փոփոխություններ կառավարությունը նախաձեռնել է առանց ունենալու նախանական հայեցակարգ․ համենայն դեպս, Ռաֆիկ Գրիգորյանի խոսքից այդպես կարելի էր հասկանալ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դժգոհությանը, թե սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հայտարարությունից առաջ պետք էր հավաքել առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին և ներկայացրել հայեցակարգ, թե ինչո՞ւ են ուզում փոխել Սահմանադրությունը, փոխնախարարը հակադարձեց․ «Հայեցակարգը հենց մշակում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Հանձնաժողովի ստեղծման նպատակներից մեկը հայեցակարգի մշակումն է»։

Այս պարագայում՝ ինչպե՞ս ընտրեն իրենց անդամերից որին ներկայացնեն իբրև հանձնաժողովի անդամ՝ հարցին Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց՝ Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար կարող են ընտրել իրենց լավագույն թեկնածուին, բարեփոխումները ենթադրում են որոշակի գիտելիքներ և փորձ։

Նա նաև տեղեկացրեց, որ բարեփոխումների համար նշված ժամկետ չկա, իսկ հանձնաժողովի նիստերը կսկսվեն փետրվարից։

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը հայտնում է հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու մասին։ Գերատեսչությունը մանրամասն ներկայացնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ներկայացման կարգը։

Վարչապետի որոշման համաձայն՝ ստեղծվելիք հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․