Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարարը խոսեց բոլորի պատասխանատվության մասին: Նա նշեց, որ չի ակնկալել բյուջեի վերաբերյալ միասնական կարծիք խորհրդարանում, սակայն դա նորմալ է, որ բյուջեն ոչ բոլորին է գոհացնում:
«Մի իմաստուն ասել է, որ բոլորին գոհացնող օրենքներ չեն լինում: Բայց արագ խոսել ու դժվար տերմինաբանությամբ արդարացնել սեփական քննադատությունը, դա էլ ճիշտ չէ»,- ասաց նախարարը: Նա հիշեցրեց նախօրեին խորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մեջբերած սոցիոլոգիական հետազոտությունը, որում կա մի կետ, որ քաղաքացիները անվստահություն են հայտնել նաև քաղաքական մյուս ուժերին:
Նախարարը կարծիք հայտնեց, որ խորհրդարանում մեկնած ձեռքերը ավելի շատ բռունցք են: Հրայր Թովմասյանը, դիմելով քննադատողներին, ասաց, որ ոչ ոք չի խոսում, որ «Ա1+»-ը եթեր է ստացել, որ կա խոսքի ազատություն, և երկու հեռուստաալիք գտնվում են ընդդիմադիր ուժերի ազդեցության տակ, որ կա ընդդիմադիր հայացքների ազատություն, որ աղմկահարույց գործեր են բացահայտվել և բարձր պաշտոնյաներ են պատժվել: Նա խոստովանեց, որ շատ խնդիրներ կան դատական համակարգում, բայց նաև վերացել է ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը:
«Միասնական պետք է հաղթահարենք ամեն ինչ, բայց այստեղ մատուցում են չարություն: Կառավարությունն իր գործն է անում` լավ, վատ, բայց փորձում է շարունակել սկսած գործը: Աշխարհում չեք տեսնի երկիր, որտեղ բյուջեի ծախսերին օնլայն հետևեն: Էս պահին ունեցել ենք այս հնարավորությունները, արել ենք այդքանը: Բայց սա այն ամբիոնը չէ, որտեղից բոլորը բոլորին մեղավոր պետք է ճանաչեն, բայց ոչ` իրենց: Բոլորս ենք պատասխանատու»,- ասաց նախարարը: