կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 17:45
Քաղաքական

Բացարձակ արգելել որևէ քաղաքական գործչի` լինել ԲՈւՀ-ի խորհրդի անդամ` մյուս ծայրահեղությունն է. Լևոն Մկրտչյան

Բացարձակ արգելել որևէ քաղաքական գործչի` լինել ԲՈւՀ-ի խորհրդի անդամ` մյուս ծայրահեղությունն է. Լևոն Մկրտչյան

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պնդում է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր գործունեության առանցքը դարձնում է ուսանողին: «Ուսանողն իր կրեդիտները հավաքելու ընթացքում ունի լիակատար ազատություն՝ ձևավորելու իր աշխատակարգը` երբեմն` չորս տարի, երբեմն՝ 6 տարի, 8 տարի: Ուսանողության շարժունակությունը և կրեդիտների համատեղելիությունն օրենքի ամենակարևոր ձեռքբերումներից են»,- ասաց նա:

Նախարարը կարևորեց այն փաստը, որ «Ծառուկյան» խմբակցության հետ համաձայնության եկան: Նա նշեց, որ հիմնական դիտարկումն ամբիոնի վարիչի գիտամանկավարժական և վարչական լինելուն էր վերաբերում: «Ըստ էության` մեր մտահոգությունը փարատվեց, որ պետական ղեկավար պաշտոն ունեցողը պետք է զբաղվի գիտամանկավարժական գործունեությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում էր այն դիտարկմանը, թե խորհրդի կազմի հաստատումը պետք է լինի վարչապետի կողմից, ոչ թե` նախարարի, Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ հարցն իրենց համար սկզբունքային չէ, լիազոր մարմինը ԿԳ նախարարը կարող է չնշանակել, և հարցը տեղափոխեցին ԱԺ: «Նախընտրելի չէ, որ կառավարության նիստով հաստատվի, որովհետև բյուրոկրատական շրջափուլով պետք է անցնի, գնա բոլոր նախարարություններ և այլն: Հիմա` կա'մ վարչապետը պետք է հաստատի, կա'մ լիազոր մարմնի ղեկավարը: «Ելք»-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ասացին, որ դեմ են վարչապետի նշանակմանը, կառավարությունը սկզբունքային խնդիր չունի»,-ասաց նա:

Նախարարը նաև անդրադարձավ այն փոփոխությանը, որ այսուհետ ԲՈւՀ-ի խորհրդի կազմում կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ:  Մկրտչյանը նշեց, որ մի քանի օր առաջ հարցը քննարկում էին միջազգային հակակոռուպցիոն փորձագետների հետ, ովքեր ասում էին, որ շատ կարևոր է ապաքաղաքականացումը, բայց նաև ասում էին` բացարձակ արգելել որևէ քաղաքական գործչի` լինել խորհրդի անդամ, դա էլ մյուս ծայրահեղությունն է: «Հրայր Թովմասյանն առաջարկել է` 10 անդամի դեպքում 1 պաշտոնատար անձ լինի, 20-ի դեպքում՝ 2: Մենք առաջարկումմ ենք` մեկ հոգի լինի»,- ասաց նա:

Ըստ Մկրտչյանի` դեմ արտահայտվողները խնդիրը քաղաքական հարթության մեջ են դիտում: «Եթե նայենք խորհրդի կազմը, իսկապես հիմա մեծ թիվ ունեն պաշտոնյաները, և սահմանափակման խնդիր կա, բայց դեպքեր ունենք, որ առաջին դեմքերը ղեկավարում են խորհուրդները՝ համալսարանին հեղինակություն տալու համար»,- ասաց նա: