Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի այն տեղեկությունների մասին, թե ռուսերենը կարող է դառնալ Հայաստանում երկրորդ պետական լեզու:
«Մեկընդմիշտ ֆիքսեք` ՀՀ պետական լեզուն հայերենն է, մեր լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, և լեզվի մասին օրենքը փոփոխման ենթակա չէ: Հայաստանում երկրորդ պետական լեզվի մասին հարց չկա ու չի կարող գոյություն ունենալ: Ինչ վերաբերում է օտար լեզուների դասավանդմանը, ապա, եթե ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ, ապա մեր երկրի քաղաքացիները պետք է, մայրենի լեզվին տիրապետելուց զատ, ունենան օտար լեզուների իմացություն: Եվրոպական երկրներում խորացված ուսումնասիրում են երեք օտար լեզու, մենք առաջադրում ենք երկու օտար լեզվի խորացված ուսումնասիրություն»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող որևէ պաշտոնատար անձ կարող է կարծիք հայտնել, բայց մենք ունենք օրենսդրություն, որը փոփոխելու որևէ հիմք չկա: Նախարարը նշեց, որ քաղաքացիները չպետք է մոռանան, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան երկիր է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր չկա, բայց կա օտար լեզուների ուսումնասիրությունն ավելի լավ մակարդակի վրա դնելու խնդիր: Եվ քանի որ Հայաստանը ոչ միայն ԵՏՄ անդամ է, որտեղ միջհաղորդակցության շփման լեզուն ռուսերենն է, այլև Հայաստանը նաև Ռուսաստանի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցություն, ուստի, դրանով պայմանավորված, մեծանում է Հայաստանում ռուսերենի իմացության պահանջարկը:
Լևոն Մկրտչյանը, օրինակ, մտահոգություն ունի, որ Հայաստանում սկսում են մոռանալ ֆրանսերենը, գերմաներենը, այնպես որ` խոսքը միայն ռուսերենի մասին չէ:
Նախարարին, որպես քաղաքացու, մտահոգում է նաև այն, որ Հայաստանի քարոզչությունն ու հակաքարոզչությունն այնքան անպաշտպան են, որ որևէ օտար` միջին չինովնիկի հայտարարությունը կարող է գործընթաց առաջացնել երկրում: Ուստի քաղաքացիները պետք է վստահեն իրենց օրենսդրությանը, արժեքներին ու չվախենան օտար լեզուներ իմանալուց: