կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-25 17:55
Հասարակություն

Ունենք 90.000 ուսանող և 66 ԲՈւՀ, մենք խաբում ենք ժողովրդին. Լևոն Մկրտչյան

Ունենք 90.000 ուսանող և 66 ԲՈւՀ, մենք խաբում ենք ժողովրդին. Լևոն Մկրտչյան

Ունենք մոտ 90.000 ուսանող և 66 ԲՈւՀ, մենք խաբում ենք ժողովրդին՝ չի կարելի ժողովրդի ձգտումը կրթության նկատմամբ օգտագործել և ստեղծել պետական երաշխիք, բայց որակ չտվող վկայականներ։ Այսօր` Արագածոտնի մարզում տնօրենների հետ օգոստոսյան քննարկումների ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ըստ նախարարի` մեր ժողովուրդը շատ է սիրում բարձրագույն կրթությունը, որպեսզի իրենց երեխան դառնա իրավաբան կամ տնտեսագետ, այսինքն` «մոդայիկ» մասնագիտություններ ընտրի: Դրա համար էլ նախարարն առաջարկում է ստեղծել մոդել, որը Եվրոպայում արդեն գործում է` միջին մասնագիտականի և բակալավրի հատումով համակարգ` college university կոչվող։ «Այսինքն` միջին մասնագիտականում երեխան կհմտանա իր ընտրած մասնագիտությամբ, իսկ բակալավրում կսովորի ևս մեկ տարի, ու վերջ: Արդյունքում` ընտանիքի համար կկրճատվի բակալավրիական կրթության աստիճանը, ու ավելի քիչ վարձ կվճարեն, միջին մասնագիտականը կորակավորվի, և ուսանողը կունենա բարձրագույն կրթություն։ Ամենակարևորն այն է, որ նա կունենա որակ, որով կմտնի աշխատաշուկա»,- ասաց ԿԳ նախարարը:

Ըստ նրա` մասնագիտություն ընտրելու հարցում էլ աշակերտին հենց դպրոցը պետք է օգնի, և ավագ դպրոցում պարտավոր ենք ունենալ առարկա, որը կօգնի աշակերտին հենց այդ հարցում: «Ըստ էության` ավագ դպրոցում մենք աշակերտին չենք պատրաստում մասնագիտություն ընտրելու հարցում և թողնում ենք ծնողների հայեցողությանը, իսկ ծնողն էլ մտածում է` եթե իրավաբանները լավ են ապրում, թող մեր երեխան էլ իրավաբան դառնա: Պետք է ավագ դպրոցի ամբողջ ծրագիրը բեռնաթափենք»,- նշեց Մկրտչյանը:

Նրա հավաստմամբ` նույնն անելու են նաև դասագրքերի դեպքում, այս օրերին արդեն իսկ էլեկտրոնային գրադարան են ստեղծում և դասագրքաստեղծ համակարգը վերանայում: Նախարարի խոսքով` պետք է աշխարհում առկա` բնական գիտությունների լավագույն գրքերն ադապտացնել ու բերել Հայաստան: