կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-04 17:50
Քաղաքական

Շատ կարևոր է՝ որևէ ծրագիր չընդհատվի և նոր ծրագրերի համար հնարավորություն լինի. Լևոն Մկրտչյան

Շատ կարևոր է՝ որևէ ծրագիր չընդհատվի և նոր ծրագրերի համար հնարավորություն լինի. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բյուջեով նախատեսված գումարները կրթության ոլորտում նախատեսված ծրագրերն իրականացնելու հնարավորություն են տալիս: Նախարարի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ կրթության ոլորտին ավելի շատ հատկացումներ լինեին, բայց սա եղած հնարավորությունների սահմաններում է, և շատ կարևոր է, որ որևէ ծրագիր չընդհատվի և նոր ծրագրերի համար հնարավորություն լինի:

«Մենք աշխատում ենք նաև մեր դոնորների հետ, կան բավական լուրջ աջակցություններ միջին մասնագիտական կրթության մեջ, օրինակ՝ Եվրամիության հետ ենք աշխատում, որը դրամաշնորհային է: Նույն դիլիջանյան կլաստերի խնդիրը, որը հսկայական ներդրում է կրթության բնագավառում արդեն մասնավոր ներդրողի կողմից: Այսինքն՝ եթե հաշվենք, թե կրթության մեջ ինչքան գումար է ներդրվում, դա մի թիվ է, բյուջեից ինչքան գումար է դրվում, դա երկրորդ թիվն է: Իհարկե, միշտ ցանկալի կլինի, որ շատ լինի»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ այն բյուջեն, որն այսօր ձևավորված է, հնարավորություն է տալիս նախ իրենց համակարգի աշխատավարձների և այլ խնդիրները լուծելու և շարունակելու ու զարգացնելու ծրագրերը:

Պատասխանելով հարցին` երբ ասում եք` բյուջեն մի թիվ է, միջազգային կառույցներից ստացածը` այլ թիվ, կարելի՞ է ասել, որ դրանք հավասար գումարներ են, նախարարը նշեց. «Ոչ, բյուջեի գումարը հսկայական է, և այն պահում է Հայաստանի ամենամեծ ցանցը՝ 40 հազար ուսուցիչ ունենք, աշակերտության և կրթության մեջ ներգրավվածության թվով կարող է մոտ 500 հազար մարդու մասին խոսք լինել»:

Խոսելով ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ուսման վարձի մասին՝ Մկրտչյանը նշեց, որ մարտական հերթապահություն անցկացրած երիտասարդները բուհերում ստանում են 30 տոկոս զեղչ, ապրիլյան պատերազմին մասնակցածները` առնվազն 50 տոկոս:

«Այստեղ գալիս է հարցադրում, թե ի՞նչ ձևով պետք է ֆիքսվի, որ ապրիլյան կռիվներին մասնակցած է: Այստեղ կա ավելի մեծ հիմնահարց: Ի վերջո, այսօր էլ սահմանին երեխաների մի զգալի հատված մարտական հերթափոխում է, մենք երևի կարիք ունենք ընդհանրապես հասկանալու՝ մարտական հերթափոխ իրականացրած երիտասարդներին ինչո՞վ կարող ենք օժանդակել: Մի մասն ասում է՝ մասնակցել եմ, չեմ կարողանում փաստել, հիմա պետք է հստակեցնենք. զորամասերը երևի պետք է տան այդ թղթերը: Լավ գաղափար է, պարզապես դա չպետք է բերի չարաշահումների, հիմա կսկսեն թղթեր ստեղծել, ցավոք, կան այն շերտերը, որոնք փորձում են դա օգտագործել»,- ասաց նախարարը: