կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-13 11:37
Քաղաքական

Սփյուռքի դաշնակցական մամուլի պատասխանատուները հանդիպեցին հայաստանյան մամուլի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի դաշնակցական մամուլի պատասխանատուները հանդիպեցին հայաստանյան մամուլի ներկայացուցիչների հետ

Հայաստանում տեղի է ունեցել Դաշնակցության մամուլի և հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը,  որի ընթացքում քննարկվել են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական քարոզչությանը հակազդելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Երեկ` համաժողովի վերջին օրը, մասնակիցներն իրենց քննարկումներն անցկացրել են` հանդիպելով հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ներկա էր նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում են ՀՅԴ լրատվամիջոցների պատասխանատուներ աշխարհի 15 երկրներից: «Քննարկում էինք ոչ միայն ներկուսակցական խնդիրները քարոզչական ճակատում, այլև ընդհանուր` մեր համազգային խնդիրները, որ ունենք արտաքին և ներքին հարթակներում»,- ասաց նա:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում չի եղել և չի կարողացել մասնակցել դաշնակցական մամուլի հերթական խորհրդաժողովին:  «Իրոք, այս խորհրդաժողովները, որ պարբերական են,  երկու տարին մեկ արվածն ամփոփելու և նոր հորիզոններ գնալու լավ առիթ են: Ուրախությամբ տեսնում եմ, որ նաև դաշնակցական մամուլի ներկայացուցիչների սերնդափոխությունն է ակնհայտ. երիտասարդությունը կամաց իր տեղն է գրավում, և վստահ եմ, որ խորհրդաժողովը ծառայել է իր բուն նպատակին»,- ասաց նա:

Անդրադառնալով խորհրդաժողովի մասնակիցների` հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` Վարդանյանը նշեց, որ այն շատ կարևոր է: «Սա այն դաշտն է, որտեղ անջրպետներ, բաժանումներ չկան: Դուք իշխանություն եք, դուք իշխանության մի համակարգ եք, և պիտի կարողանանք միասնաբար լուծել այն խնդիրները, որոնք կան մեր հասարակության, պետականության, Սփյուռքի, Արցախի առջև` համատեղ, միմյանց աջակցելով, լրացնելով: Բնական է` մոտեցումները տարբեր են, ամեն մեկը նայում է  իրականությանն իր աշտարակից, բայց այս դաշտում համախոհությունը, համագործակցությունը շատ կարևոր է: Ուրախ կլինեմ, որ այսօրվա անմիջական շփումներից հետո ուղղակի կապեր հաստատվեն մեր տարբեր լրատվամիջոցների միջև, ամենօրյա շփումներ լինեն, իրար փոխանցեք գաղափարներ և կարողանաք մեր երկիրը, հասարակությունն ավելի լավը դարձնել»,- ընդգծեց նա:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ, ընտրվելով այդ կառույցի նախագահ, ելույթում նշել է Սփյուռքի մամուլի  կարևորությունը: «Առաջին հերթին կարևորում եմ պրոֆեսիոնալ առումով: Մենք տարբեր երկրներում ենք աշխատում, և մեզ համար շատ կարևոր է փորձի փոխանակումը պրոֆեսիոնալ մակարդակում: Հունիսի սկզբին միությունում տեղի կունենա արտահերթ համագումար, որի ընթացքում կներկայացվի նոր կանոնադրությունը: Այդտեղ մի առանձին հատված պետք է լինի սփյուռքյան մամուլի հետ համագործակցության վերաբերյալ»,- տեղեկացրեց նա, ապա նշեց, որ Սփյուռք էլ կուղարկեն, որպեսզի ծանոթանան և առաջարկներ ներկայացնեն հունիսյան համագումարին:

Սեյրանյանը նաև կոչ արեց, որպեսզի ՀՅԴ սփյուռյան մամուլի ներկայացուցիչներն էլ անդամակցեն Հայաստանի ժուռնալիստների միությանը: