կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 13:08
Քաղաքական

Խաբված բնակիչները հանդիպեցին ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Խաբված բնակիչները հանդիպեցին ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի շենքում Բուզանդի փողոցի տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու հետեւանքով խաբված բնակիչները հանդիպեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:

 

Հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում: Հանդիպման ընթացքում երկու հիմնական խնդիր քննարկվեց, նախ` թե որն է ՀՅԴ-ի պատկերացումը գերակա հանրային շահի, քաղաքապետարանի անելիքների եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին, երկրորդ` առկա վիճակի շտկման հնարավորությունը:

 

Ըստ ՀՅԴ ներկայացուիչների` Երեւանի քաղապետարանը, որպես տեղական ինքնակառավարման մարմին, ի սկզբանե պետք է քաղաքացու կողքին լինի, քանի որ գերակա հանրային շահ ճանաչելու` կառավարության ցանկությունը միշտ չէ, որ բխում է քաղաքացու շահերից եւ միշտ չէ, որ համապատասխանում է նույն հանրության շահերին, ինչի ականատեսը եղել ենք:

 

«Քաղաքապետարանն օրենքով լիազորություններ ունի եւ պետք է դեմ կանգնի այդ որոշումներին` ընդհուպ մինչեւ դատական կարգով վիճարկելով կառավարության որոշումը: Երկրորդ` եթե անգամ ճանաչվում է գերակա հանրային շահ, ապա քաղաքացու շահերի պաշտպանը պետք է լինի քաղաքապետարանը: Եվ երրորդ` սա ոչ թե անհատական, այլ համընդհանուր խնդիր է, եւ քաղաքապետարանն այդ համընդհանուրի լիարժեք իրավունքների պաշտպանություն պետք է իրականացնի»,- հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը:

 

Խոսելով առկա վիճակի մասին` նա հիշեցրեց, որ գործի շրջանակներում կան հարուցված քրեական գործեր եւ ձերբակալվածներ, բայց սա կարող է հարցին լուծում չտալ, մարդկանց խնդիրներն իրապես լուծելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՅԴ-ն օգտագործի իր լիազորությունները, հանդիպումներ ունենա պատասխանատու պաշտոնյաների հետ, նաեւ, ներգրավելով գերակա հանրային շահի զոհերին, փորձի կոնկրետ լուծումներ գտնել:

 

«Եթե հաջողություն ունենանք Երեւանի ավագանու ընտրություններում, բնականաբար, արդեն մեր քաղաքապետն ինքն անձամբ կնախաձեռնի այդ գործողությունները եւ կդառնա առաջին մարտիկը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում: Բայց անկախ ընտրությունների հաջողությունից, միեւնույն է, որպես ԱԺ խմբակցություն, հետապնդելու ենք խնդիրը»,- նշեց Մինասյանը: