Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան 44-օրյա պատերազմում մենք պարտվեցինք նաև տեղեկատվական դաշտում՝ վստահ է Հունաստանի «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Քերոբ էքիզյանը։
«Թշնամին այդ շրջանում իր միջոցներով ավելի տիրական ներկայություն ունեցավ։ Ես կարող եմ հաստատել, որ այդ օրերին Հունաստանում տեղեկատվություն տարածվեց պաշտոնական աղբյուրներից, որոնք գալիս էին ադրբեջանական կողմից՝ իրենց հաղթանակների մասին, հայերի պարտության արձագանքն էր տրվում, իսկ մեր կողմից այդ մեկը գրեթե անգո էր։ Ուրեմն այդ դաշտում մենք շատ ճամփա ունենք անցնելու։ Հայկական տեղեկատվական մեքենան չաշխատեց՝ անկազմակերպվածություն էր, որն անընդունելի էր»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քերոբ Էքիզյանը։
Մյուս կողմից, նա մտահոգություն հայտնեց, որ հայկական կողմը միջազգային հարթակների վրա ներկա չէր։ Եվ այս գործը, Քերոբ Էքիզյանի դիտարկմամբ, մասամբ արեցին Հայ դատի հանձնախմբերը կամ դաշնակցական մամուլը, որը փորձում էր հայության իրավացի դիրքերը և Ադրբեջանի հարձակողական ձևերը բացահայտել։
Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը ևս փաստեց, որ արցախյան վերջին պատերազմին տեղեկատվական դաշտի թափթփված վիճակ կար։
«Մենք և նույնիսկ արաբական աղբյուրներ չէինք իմանում՝ ո՞ւմ դիմել հավաստի տեղեկատվության համար։ Լրատվական դաշտում անկազմակերպ վիճակ էր, և երբեմն հակասական տեղեկատվություն էր ի հայտ գալիս և մենք անել կացության էինք մատնվում։ Պատերազմի ժամանակ, երբ պետական ալիքներով լսում էինք՝ «հաղթելու ենք», սակայն այլ աղբյուրներից՝ արաբական, թուրքական, ազերիական հակառակը ցույց կտային՝ նույնիսկ տեսաերիզներով, մենք անել կացության կմատնվեինք՝ ճիշտը ո՞րն է, ինչո՞ւ այդ թափանցիկ լրատվությունը տեղի չէր ունենում։ Ճիշտ է՝ պիտի ժողովրդի ոգին բարձր պահես, բայց իրականությունն էլ ասես, որ ժողովուրդը հիասթափություն չապրի»,-ասաց Զարմիկ Պողիկյանը։
Այս և այլ հարցեր են Երևանում քննարկում աշխարհի տարբեր երկրներից եկած՝ դաշնակցական մամուլի ներկայացուցիչները։ Նրանք մասնակցում են ՀՅԴ մամուլի 2-օրյա խորհրդաժողովին։
«Այս խորհրդաժողովն առիթ է, որ գոնե դաշնակցական մամուլը կազմակերպված ներկայանա, դառնա թափանցիկ, գործակցության ոլորտները բազմացնի։ Որպեսզի Սփյուռքը և Հայաստանը ներկայանան մեկ մեդիա դաշտով և ապատեղեկատվության առաջը կարողանանք առնել։ Այնպես որ, մեր այս խորհրդաժողովում շատ շեշտվեց տեղեկատվական համակարգի կանոնավորումը, թափանցիկությունը և գործակցությունը տարբեր լրատվամիջոցների և պետական մամուլի հետ»,-ասաց Զարմիկ Պողիկյանը։
Բեյրութի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ դաշնակցական մամուլի ներկայացուցիչները հավաքվում և արածն ու անելիքը քննարկում են յուրաքանչյուր 4 տարին մեկ։
«Ավելի քան 30 մասնակիցներ 2 օրում քննարկելու են դաշնակցական մամուլի զարգացման, արդիականացման հարցերը, երկրորդը՝ հայության և Հայաստանի օրվա հիմնական մտահոգությունների վերաբերյալ հարցերը․ ի՞նչ անենք և ինչպե՞ս անենք, որ Դաշնակցության խոսքը ազդու և արագ հասցնենք ուր որ պետք է, որովհետև աշխարհով մեկ սփռված հայություն կա, որ հետևում է իրադարձություններին, դաշնակցական մամուլը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում այս ամենը բարձրաձայնողն է, հանրային կարծիք ձևավորողն է և ժողովուրդը զգոն և զգաստ պահողն է։ Որպեսզի այն, ինչ Հայաստանի մեջ տեղի է ունենում որպես պարտվողական քայլեր՝ չհանձնվենք, և սրա առաջամարտիկը դաշնակցական մամուլն է»,-ասաց Վիգեն Ավագյանը։
Նա վստահ է, որ դաշնակցական մամուլի ներկայացուցիչները, որոնք հավաքված են խորհրդաժողովում, հայության պայքարի առաջնագծի խրամատում գտնվողներն են, որոնց զենքը գրիչն է կամ ստեղնաշարը, և որոնց միջոցով թե՛ թուրքի դեմ են պայքարում, թե՛ ներքին դաշտում հասարակության ոգին են բարձր պահում։
Հունաստանի «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Քերոբ էքիզյանը նշեց, որ դաշնակցական առաջին թերթը հիմնադրվել է 1923 թ-ին՝ հազիվ 1 տարի հետո գաղթականության ժամանումից հետո Հունաստան՝ «Նոր օրը», որը «Ազատ օրի» նախակարապետն է։ Հետո՝ 1945թ-ին, հաջորդեց «Ազատ օրը», որը մինչև այսօր անընդհատ հրատարակվում է ամեն օր և ամենայն կանոնավորությամբ։
«Այս խորհրդաժողովները շատ կարևոր են․ առաջինը չէ, այլ երկար տասնամյակների ընթացքում «Ազատ օրը» միշտ իր ներկայությունն է ունեցել Դաշնակցության խորհրդաժողովներում։ Մամուլը Դաշնակցության ընտանիքի համար և մեր ժողովրդի համար շատ կարևոր դեր է գրավում, որովհետև մեր միջոցն է՝ հայության հետ կապված շատ կարևոր խնդիրները ներկայացնելու մեր հանրությանը։ Այս խորհրդաժողովներին վերացական խոսակցություններ չեն, որ լինում են, այլ իսկապես մամուլը ավելի խորացնելու, ժողովրդի համար մատչելի դարձնելու, մանավանդ ավելի արդիականացնելու խնդիր է լուծվում»,-ասաց Քերոբ էքիզյանը։
Նրա մոտ հաճախ տպավորություն է, որ հայրենի ժողովուրդը այնքան էլ տեղյակ չէ Սփյուռքում տեղի ունեցող իրողություններից, այնինչ Սփյուռքը ու Հայաստանը, նրա խոսքով, ամբողջություն են, անկախ, որ ապրում են տարբեր աշխարհներում՝ Հայաստանում և Սփյուռքում, բայց հայությունը իր գլխավոր խնդիրներում մեկ է։ Տարիներ ի վեր, նրա համոզմամբ, հայրենիքի ժողովուրդը տեղեկատվական այդ փոխարկումը չի ստացել, մինչդեռ դաշնակցական մամուլը միակն է, որ վերջին 30 տարիներին մանավանդ այդ հարցում հաջողել է՝ Սփյուռքյան իրողությունները մատչելի դարձնելու հայությանը։
ՀՅԴ մամուլի խորհրդաժողովներում, Քերոբ էքիզյանի խոսքով, քննարկում է նաև, թե ինչ միջոցներով տեղեկությունները փոխանցել մի կողմից մյուսը։
Աննա Բալյան