կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 16:43
Մշակույթ

«Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառ». Խնկո Ապոր անվան գրադարանը կհյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»

«Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառ». Խնկո Ապոր անվան գրադարանը կհյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը` փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի համաժամանակյա միջոցառումների ծրագիրը կիրականացվի գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս. թ. փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:

Ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպումը կարևորվում է մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացման և մանկապատանեկան գրքի նորություններին հանրությանն իրազեկելու համատեքստում: Ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի հանրությանը ներկայացնել ՀՀ հրատարակիչների վերջին տարիների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները և նպաստել գիրք-ընթերցող կապի սերտացմանը:

Տոնավաճառի շրջանակում տեղի կունենա գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն:

Մշակութային ծրագրում  կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: Փետրվարի 21-ին՝ օրվա ընթացքում, կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություններ:

Հիշեցնենք, որ տոնավաճառին ընդառաջ գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ, որի աշխատանքները կշարունակվեն հավաքագրվել նաև փետրվարին:   

Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին՝ օրվա ավարտին: 

 «Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառ»-ի ծրագիրն՝ այստեղ