| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
 
 Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը և զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: 
 
 Նախագահը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: 
 
 Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում:
 
 ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: 
 
 Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով:
 
 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: