Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի Ֆան Բոմըլին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանականներին և հույս հայտնել, որ ակտիվ փոխայցելությունների միջոցով երկկողմ խորհրդարանական համագործակցությունը որակական նոր մակարդակի կբարձրանա՝ նպաստելով նաև հայ-նիդերլանդական միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 23 տարվա պատմություն ունեն, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և նիդերլանդացի ժողովուրդների բարեկամությունը շատ ավելի երկար տարիների պատմություն ունի:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Նիդերլանդներն իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում նաև՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից, ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել, և Հայաստանը շահագրգռված է Նիդերլանդների հետ բարեկամությունը խորացնել և ամրապնդել:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրին Նիդերլանդների ցուցաբերած տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող հիշատակի միջոցառումներին, դրանց խորհրդին ու կարևորությանը: Նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի կողմից 2004թ. Հայոց ցեղասպանությանը ճանաչումն ու դատապարտումը, միաժամանակ մեծապես գնահատելի համարելով ս.թ. ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, որը, Նախագահի խոսքով, իր տեսակի մեջ բացառիկ է: Այդ կապակցությամբ, Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա և այդ որոշման հեղինակ պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր իրենց աջակցությունն են բերել որոշման ընդունման գործին։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այդ փոփոխությունների կարևորությանը, Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ ՀՀ պատկերացումներին ու ակնկալիքներին: