Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովն այսօր 72 կողմ, 12 դեմ և 10 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգիրքի նախագիծը: Նշենք, որ այս օրինագիծը սահմանադրական էր, և այն ընդունելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 3/5-ը:
Նախքան քվեարկությունը` վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը: Նա նշեց, որ օրենքի քննարկման ընթացքում իրենց պատգամավորներն ունեցել են տարբեր դիրքորոշումներ, և քանի որ օրենքի փոփոխությոնները դրական են համարում, «Ծառուկյան» խմբակցությունը կքվեարկի ազատ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը: Նա նշեց, որ, օրենքով` դատավորն իր արդարադատական ֆունկցիայի կատարման համար չի կարող պատասխանատվության ենթարկվել, և դատական ակտը կարող է օրինականության տեսակետից ստուգման առարկա դառնալ բացառությամբ վերաքննության կարգով:
«Եթե Եվրոպական դատարանն արձանագրել է կոնվենցիայի խախտում, ապա, համաձայն արդարադատության նախարարի հայտարարության, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր դատավորները` առաջին ատյանից մինչև վճռաբեկ դատարան, այդ դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի նաև արդարադատության նախարարը, որովհետև Եվրոպական դատարանում նա կազմակերպել է այդ դատերի պաշտպանությունը, ինչպես նաև Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է: Սրանով հերքում են այն փաստարկները, որ բերվել են»,- շեշտեց պատգամավորը:
Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովի կայքէջում դրված` նախագծի տարբերակից հանված չէ փաստաբանների նկատմամբ 100. 000 դրամ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դրույթը: Նա հայտնեց, որ ինքը մեկ տասնյակից ավելի առաջարկներ է ներկայացրել, որոնք մերժվել են: Պատգամավորն արձանագրեց, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց ընդդիմության հետ կոնսենսուսի: