կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 13:24
Հասարակություն

Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը. «Ահազանգ» նախաձեռնության հայտարարությունը

Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը. «Ահազանգ» նախաձեռնության հայտարարությունը

Տեղեկացրել ենք, որ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և և ամբողջապես ընդունեց  Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, որի ընդունման դեմ ամիսներ շարունակ բողոքի տարաբնույթ ակցիաներ էին իրականացնում ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները:

ԱԺ դարպասների մոտ հայտարարությամբ հանդես եկավ «Ահազանգ» նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանը` նշելով. «Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը: Այս նախագծով պետբյուջեի տարեկան` շուրջ 45 միլիարդ դրամի կորուստները նախատեսվում է փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների թանկացմամբ, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք մեր կյանքում: Այս նախագիծը որևէ կերպ չի լավացնում երկրի բնակչության մեծամասնությունը կազմող` ցածր եկամուտ ունեցող, այսինքն` 150.000 դրամից ցածր ստացող, աղքատության մեջ գտնվող գործազուրկների, թոշակառուների, դեռ աշխատաշուկա չմտած երիտասարդների կենսամակարդակը: Փոխարենը` այն էականորեն ավելացնում է մի քանի հազար մարդու եկամուտները` ամսական կտրվածքով: Ստացվում է, որ քիչ առաջ Ազգայի ժողովի մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար` ի հաշիվ մի քանի հարյուր հազարի:

Ազգային ժողովի իշխող ուժի պատգամավորներից մեկը քիչ առաջ նշել է` անգամ եթե մնացած բոլոր ուժերը դեմ քվեարկեն նախագծին, միևնույն է, «Իմ քայլը» ունի այնքան ձայներ, որ դա բավարար է նախագծին օրենքի ուժ տալու համար: Հենց այդպես էլ արեցին, և նախագիծը ստացավ օրենքի ուժ: Մենք էլ հայտարարում ենք, որ նախագծի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագծին կողմ արտահայտված յուրաքանչյուր պատգամավորի վրա: Միևնույն ժամանակ, նախագծի համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն  օրակարգ բերեց նախագիծը և այն առաջ տարավ` առանց հակառակ կողմի կարծիքը լսելու և առանց հակառակ կողմի ձայնին ականջալուր լինելու: Սա մեզ հիշեցնում է հին արատավոր տրամաբանությունը` մենք ուժեղ ենք, մենք շատ ենք, ուրեմն մենք ճիշտ ենք:

«Ահազանգ» նախաձեռնությունը հայտարարում է, որ, ցավոք, այս փուլում մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի, սակայն պայքարը և մեր գործուներությունը շարունակում ենք մինչև Հայաստանում լինի արդար և տրամաբանության սահմաններում պրոգրեսիվ հարկման  համակարգ, իսկ, ընդհանրապես, «Ահազանգ» նախաձեռնությունն այսուհետ իր գործունեությունը շարունակում է որպես Հայաստանում սոցիալական արդարության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն:

Այսօր ակցիան ավարտվեց այստեղ, բայց մենք ուզում ենք հայտարարել, որ այստեղ ենք լինելու, երբ այս նախագծի հետևանքները զգա հասարակության մեծամասնությունը, և այդ սոցիալական բունտը, որի մասին մենք այդքան զգուշացնում էինք, և որից այդքան ուզում էինք խուսափել, լինելու ենք այդ պայքարի առաջամարտիկը»:

Ինչ վերաբերում է իրենց կողմից իրականացվելիք հետագա քայլերին, նախաձեռնության անդամի խոսքով` իրենք կփորձեն հասնել իրենց նպատակին այս անգամ արդեն այլ ճանապարհով: «Երևի մի փոքր այլ ճանապարհով կփորձենք հասնել նրան, որ Հայաստանում առաջին հերթին լինի պրոգրեսիվ, արդար, տրամաբանական հարկման համակարգ, և սոցիալական արդարությունն  այլևս այլընտրանք չունենա, այսինքն` անկախ նրանից, թե որ ուժը կլինի իշխանության, չմտածի, որ նման նախագծերը, որոնք հարվածում են բնակչության մեծամասնությանը, կարելի է բերել օրակարգ և անցկացնել: Ցավոք, այս պահին ուժը նրանց ձեռքին էր, ինչպես ասում էին` իրենք մեծամասնություն էին և իրենք իրենց ցանկացած օրենքը բերեցին ու ընդունեցին: Միանգամայն հասկանալով ողջ պատասխանատվությունը` ցավով հայտարարում ենք, որ այս փուլում մենք չկարողացանք հասնել հաջողության, բայց պայքարը շարունակվելու է մինչև սոցիալական արդարության հաստատում»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:

Նա հայտնեց, որ նախաձեռնության հետագա քայլերի ու ծրագրերի մասին կտեղեկացնեն վաղը` այլ ձևաչափով:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Ահազանգ» նախաձեռնության անդամները ԱԺ բակում էին: