Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում Բորիս Տարասյուկը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե իրենք ունեն հստակ տեսակետ ԼՂ հակամարտության մասին: «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»,- նշել էր ուկրաինացին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի բնորոշմամբ՝ Տարասյուկը Յուլյա Տիմոշենկոյի թիմից է, նրանք չեն կարողացել մեծամասնություն ապահովել Ուկրաինայի խորհրդարանում, և նման քաղաքական խմբի ներկայացուցչի տեսակետը չի կարող որևէ բան նշանակել:
Yerkir.am-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը նշեց, որ Տարասյուկը երբեք էլ աչքի չի ընկել իր հայամետ մոտեցումներով: «Երբ նա արտաքին գործերի նախարար էր, չէր փայլում պրոհայկական տեսակետներով, դրա համար Տարասյուկի այդ խոսքերն ինձ համար որևէ բան չեն նշանակում, որովհետև ԼՂ հիմնախնդիրը լուծվում է Մինսկի խմբի համանախագահների ֆորմատի ներքո, և բանակցություններին ուկրաինական կողմը որևէ մասնակցություն չունի: Այնպես որ` նրա դիրքորոշումն ինձ համար ընդամենը մի, այսպես ասած, այլ երկրի քաղաքականության մեջ մի փոքրիկ մաս գրաված, քիչ ձայներ հավաքած քաղաքական խմբի ներկայացուցչի խոսք է, ու դրա վրա ուշադրություն բևեռելու որևէ նպատակ չունեմ»,- նշեց պատգամավորը:
Նա հավելեց, որ հարկավոր չէ այդ տեսակետներին ուշադրություն դարձնել` մեր շահերից ելնելով, որպեսզի ԼՂՀ ճանաչումը տեղի ունենա:
Մեր դիտարկմանը, թե Բորիս Տարասյուկն ասել է նաև, որ հետխորհրդային երկրներին բնորոշ են չկարգավորված հակամարտությունները, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Մենք փայլուն գիտենք, որ ԼՂ հարցի ծագումը որտեղից է եղել, ինչ է եղել: Այս ամենը պետք է արհամարհել: Մենք մեզ համար պետք է մեր քաղաքականությունը տանենք: Նա որևէ ազդեցություն ո՛չ Լեռնային Ղարաբաղի անկախաության ճանաչման, ո՛չ էլ բանակցային գործընթացում չի ունենալու»:
Թևան Պողոսյանը նշեց նաև, որ Բորիս Տարասյուկն այսօր համանախագահի պաշտոնից դուրս է եկել, և թերևս նման հայտարարություն անելու պատճառը հենց դա է: