Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն էր:
Քննարկումը բավականին բուռն ստացվեց Միհրան Պողոսյանի և արդարադատության նախկին նախարարներ` ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջև: Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը թեև առաջարկվող փոփոխություններին դեմ չէին, սկզբունքորեն ընդունում էին, որ լավ նախագիծ է, բայց ունեին վերապահումներ:
Ի վերջո, հանձնաժողովը որոշեց հարցի քննարկումը հետաձգել և լրամշակել: Պողոսյանի առաջարկը հետևյալն էր`պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերի մասով պետք է օրենքում ավելացնել կետ, որով արգելադրված գույքի նկատմամբ եթե այլ անձն ունի սեփականության իրավունք, քաշքշուկի մեջ չհայտնվի:
«Ենթադրենք` մեկ այլ անձի գործով արգելանք է կիրառվել, բայց քաղաքացին դատարանի թուղթ ունի, որ այդ սեփականությունն իրեն է պատկանում, սեփականության իրավունքով գալիս է ԴԱՀԿ, դիմում է, որ՝ խնդրում եմ գույքս արգելանքից հանեք, որովհետև, ըստ դատարանի վճռի, ես հանդիսանում եմ այս սեփականության կրողը: Բայց ԴԱՀԿ-ն դատարանի վճիռը հիմք չի ընդունում, ասում է՝ գնա, մի հատ էլ դատարանի վճիռ բեր, որ արգելանքը պետք է հանել»,- ասաց Միհրան Պողոսյանը, ապա առաջարկեց, որ նման դեպքերում գույքն արգելանքից հանվի առանց դատարանի թղթի:
Նա նշեց, որ բազում օրինակներ կան, և իր 9 տարվա փորձն էլ ապացուցում է, որ անձը միշտ ԴԱՀԿ-ին ներկայացրել է իր սեփականության իրավունքը, իսկ ԴԱՀԿ-ի դիրքորոշումը եղել է այն, որ դատարանից պետք է բերել վճիռ սեփականության իրավունքի` արգելանքից հանելու մասին:Նրա գնահատմամբ` դա քաշքշուկ է քաղաքացու համար և կոռուպցիայի աղբյուր, ուստի պետք է օրենքով կարգավորել: «Եթե կա երրորդ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական ակտ, ապա պարտապանի գույքը պետք է արգելանքից հանվի»,- ասաց Պողոսյանը:
Թովմասյանն առաջարկեց, որ ներառվի դրույթ, որ քաղաքացին Կադաստրի պետական կոմիտեից բերի սեփականության վկայական, որի հիման վրա գույքը կհանվի արգելանքից:
Պողոսյանն առարկեց. «Եթե գույքն արգելանքի տակ է, կադաստրը թուղթ չի տալիս»:
Մտահոգություններ հայտնեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա հետաքրքրվեց` արդյո՞ք Պողոսյանը վիճակագրություն ունի, թե ԴԱՀԿ-ը նմանատիպ դեպքերի ինչ պարբերականությամբ է առնչվել: Պողոսյանը պատասխանեց, որ նման դեպքերը բազմաթիվ են, և որ ԴԱՀԿ-ն այս խնդրին երկար տարիներ առնչվել է:
«Պարո'ն Պողոսյան, ես ձեր լեգիտիմ նպատակին, որը դուք հետապնդում եք, բացարձակապես դեմ չեմ: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը որևէ պետական մարմին, մասնավորապես խոսում ենք կադաստրի մասին, չի գրանցում, ուրեմն ես նախ և առաջ առաջարկությամբ հանդես կգայի` այդ լրացումը կատարվի օրենքում: Հարկադիրը դատական ակտի հիման վրա չպիտի գրանցի, հարկադիրը պիտի գրանցի սեփականության իրավունքի պատկանելությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որպիսին պիտի լինի կադաստրի վկայականը: Ու եթե կադաստրը չի գրանցում, Պողոսը կամ Պետրոսը չի գրանցում, դա այլ հարց է»,- նշեց Հովհաննիսյանը և ասաց, որ այս տեսքով առաջարկվող նախագիծն իրավունքի ծագման տեսանկյունից խնդրահարույց է, և որ ինքն այստեղ խնդիրներ է տեսնում: «Ձեր նախագիծը լրացրեք, պետական բոլոր մարմիններին էլ ասեք, որ պարտավոր են գրանցել»,- առաջարկեց Հովհաննիսյանը:
Պողոսյանը հարցրեց. «Մնում է ասեք` ի՞նչ խնդիր եք տեսնում»:
Հովհաննիսյանը պատասխանեց, որ խնդիր է տեսնում այն առումով, որ եթե այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, կա վերաբերելի պետական մարմին, որը պետք է կատարի սեփականության իրավունքի փոփոխություն: «Կադաստրը չի արել դա, պրոբլեմը կադաստրից է, մենք հիմա հետևանքն ենք փորձում լուծել: Հարկադիրը վերջին կետն է, մենք վերջին կետում չպիտի խնդիրը լուծենք, բա մեջտեղի օղակնե՞րը: Ինչո՞ւ պետք է հարկադիրը լուծի մի խնդիր, երբ որ մեջտեղի մարմինը պրոբլեմ է սարքել, գլուխը պատին է տալիս որևէ պետական մարմին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Պողոսյանն էլ արձագանքեց, թե չգիտի` գլուխը պատին է տալիս, թե ինչ է անում, բայց 10 տարի այդպես է աշխատում: «Ես չլսեցի ոչ մի խոչընդոտ այս հարցը հենց այսպես կարճ կարգավորելու և մեր քաղաքացիներին այս խնդրից զերծ պահելու համար»,- նշեց նա:
Թովմասյանն էլ նշեց, որ կադաստրը չի կարող դատարանի որոշումը չկատարել, երբ դատարանն ասում է, որ սա քաղաքացու սեփականությունն է: «Ձեր նախագծով լեգիտիմացվում է կադաստրի գործունեությունը, որ այդ կառույցը կարող է դատարանի ակտը չկատարել»,- ասաց նա:
Միհրան Պողոսյանն ասաց, որ նրանց առաջարկը չի գործի, կադաստրը կդիմի ԴԱՀԿ ու կասի՝ հանեք արգելանքից քաղաքացու գույքը, իսկ ԴԱՀԿ-ն չի հանի` մինչև չլինի դատարանի վճիռը: Եվ քաղաքացին, նրա խոսքով, կպպտվի այդ քաշքշուկի շղթայի մեջ:
Թովմասյանն առաջարկեց օգնել Պողոսյանին: «Պատրաստ եմ նախագծի համահեղինակ լինել, այդ փաթեթը կազմել և օգնել Ձեզ»,- ասաց նա:
Հովհաննիսյանն էլ իր հերթին շտապեց ավելացնել. «Ես կգրեմ, այդ նախագիծը կտամ, պարո'ն Թովմասյան»:
Թովմասյանն ասաց, որ քանի որ Հովհաննիսյանը ևս միանում է իրենց, ճիշտ կլինի նախագիծը հետաձգել, քանի որ այս տարբերակով դեմ կքվեարկեն:
Պողոսյանը վրդովվեց, թե ինչու են Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը խոսում հանձնաժողովի բոլոր անդամների փոխարեն: «Կարող է դուք երկուսով եք դեմ, ինչո՞ւ եք բոլորի անունից խոսում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ վստահ է` մյուս հանձնաժողովականներն էլ են դեմ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը արձանագրեց, որ երկու նախկին նախարարները դեմ են մի բանի, որը, ինչպես Միհրան Պողոսյանն է ասում, 10 տարի կիրառվել է: «Դա նշանակում է` ձեր իշխանության տարիներին քաղաքացիներին, հլը տեսեք, ինչ օրն եք գցել»,- արդարադատության նախկին նախարարներին դիմեց նա:
«Էդ էի՞ք ուզում»,- տեղից բացականչեց Միհրան Պողոսյանը: Նա, ի վերջո, համաձայնեց, որ հետաձգեն նախագծի քննարկումը և լրամշակեն այն: