կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-26 11:46
Հասարակություն

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Աշոտ Սիմոնյան

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Աշոտ Սիմոնյան

Հունվարի 25-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ասուլիս էր հրավիրել, ուր լրատվամիջոցներին ներկայացրեց 2017 թվականի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքները՝ միաժամանակ խոսելով 2018 թվականին պլանավորված ծրագրերի մասին: 

-Կարծում եմ, որ հիմքը ճիշտ դնելով եւ գործընթացը լավ սկսելով, մենք կունենանք ավելի շոշափելի արդյունքներ,-ասաց մարզպետը:

Այս առումով նա բավականին դրական նախադրյալ համարեց 2017 թվականին սկսված այն բարեփոխումները, որոնք տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առումով կառավարությունը ծրագրել էր եւ ըստ ժամանակացույցի իրականացրեց: Այն միտված է տարածքների եւ մարզերի համաչափ զարգացմանը, մարզերի եւ մարզպետարանի՝ որպես մարզի զարգացման թիվ մեկ պատասխանատուի ինստիտուտի ձեւավորմանը եւ այն ամբողջ գործիքակազմին, որը նախատեսվում է մարզի զարգացման հիմնադրամների միջոցով մարզպետարաններին տրամադրելուն եւ հետագա աշխատանքներն ավելի առարկայական եւ շոշափելի դարձնելուն:

Այս առումով, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզում տեղի ունեցան վարչատարածքային փոփոխություններ՝  համայնքների խոշորացման գործընթացներ: Արդյունքում՝ 46 գործող համայնքից մարզում ձեւավորվեց 4 խոշոր համայնք: 2018 թվականին ամբողջ մարզում խոշորացման գործընթացը կավարտվի, եւ կձեւավորվի եւս մոտ 10 խոշորացված համայնք: Մարզպետը խոսեց խոշորացված համայնքների այն դրական հնարավորությունների մասին, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ բաշխել առկա ռեսուրսները, կատարել  հավաքագրում եւ պլանավորել սեփական եկամուտները: Այս առումով խոշորացված համայնքներում 2017 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին դրական արդյունքն ակնհայտ էր:

2017 թվականին, ընդհանուր առմամբ, սեփական եկամուտների հավաքագրման մեջ շոշափելի առաջընթաց է արձանագրվել: Համայնքների բյուջեների սեփական եկամուտը տարեսկզբին պլանավորված է եղել մոտ  1 միլիարդ 261 միլիոն դրամ, որն աննախադեպ բարձր թիվ  է եղել նախկինի համեմատ: Տարին ավարտվել է պլանի 98 % կատարմամբ: Սա հնարավորություն կտա 2018 թվականին նոր ֆինանսական միջոցներ ներգրավել եւ համայնքներում  իրականացնել  կապիտալ բնույթի տարբեր ծրագրեր:

2017 թվականին մարզի համայնքների եւ մասնավոր ներդրողների կողմից մարզպետարան են ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք մանրակրկիտ ուսումնասիրվել են մասնագետների կողմից: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, անասնապահությանը, մեքենատրակտորային հանգույցների վերանորոգման պահեստամասերի արտադրությանը, թեթեւ արդյունաբերության զարգացմանը:

ՀՀ կառավարության եւ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու, մրցունակ  գյուղմթերքներ արտադրելու եւ իրացնելու համար:  Դրանք գյուղացուն, ֆերմերային տնտեսություններին հնարավորություն են տալիս ձեռք բերել գյուղտեխնիկա, ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ նյութատեխնիկական տարբեր միջոցներ: Կառավարությունը սուբսիդավորում է ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերը, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն է ստեղծվել ներգրավել ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ:

2017 թվականին մարզում մոտ 42 հեկտար ինտենսիվ այգիներ են հիմնվել: Կարբի համայնքում 10 հեկտար տարածքի վրա ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացվում է  ինտենսիվ այգու հիմնման ծրագիր: Արդեն իսկ հիմնվել է խնձորի այգի, իսկ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել եւս 20 հեկտար ծիրանի եւ կեռասի այգի:

Ներդրումային ծրագրերի լավագույն օրինակներ են Ապարանի ֆերմերային տնտեսությունը, որտեղ իրականացվել է 2 մլն եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել է 50 նոր աշխատատեղ, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունը, որտեղ  կատարվել է լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել է 30 նոր աշխատատեղ, Ոսկեվազի ջերմոցային տնտեսությունը,  որտեղ  ծրագրվում է հիմնել նաեւ ինտենսիվ այգի եւ թռչնաբուծարան, Օշականի թռնաբուծական ֆաբրիկան, ուր  ներդրումային նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 12 նոր թռչնանոց՝ առկա 100 աշխատատեղին ավելացնելով  եւս 80-ը:

Վերակառուցման ներդրումային նոր ծրագիր է իրականացվում Ոսկեվազի գինու գործարանում: Այստեղ ընթացքի մեջ են զբոսաշրջային համալիրի, դեգուստացիոն, ֆորումների համար նախատեսված սրահների կառուցման, արտադրական հզորությունների ավելացման աշխատանքները: Ընկերության արտադրանքը Հայաստանից բացի իրացվում է նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում:

Թալին քաղաքում «Թալին-1» արեւային կայան նախագիծն իր տեսակի մեջ եզակի է եւ արտադրական ծավալով ու հնարավորություններով կարեւոր նշանակություն ունի Հայաստանի արեւային էներգիայի, բնապահպանության ու տնտեսական զարգացման ոլորտներում: Նախագիծն իրականացվել է  «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում: Դաշտադեմ համայնքում էլ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է «Դաշտադեմ» արեւային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագիրը:

Մարզպետը հանգամանալից ներկայացրեց նաեւ քաղաքաշինության, կրթության եւ առողջապահության ոլորտներում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները: Ամփոփելով արվածն ու անելիքը, նա այն համոզմունքը հայտնեց, որ թե՛ այս ոլորտներում, եւ թե՛ առհասարակ, եթե ձգտում ենք ցանկալի որակ ապահովել, ապա անհաժեշտ է սոցիալական գործոնը տարանջատել զուտ մասնագիտականից:  Մարզի բժշկական հաստատություններում, մասնավորապես, Աշտարակի բժշկական եւ Ծաղկահովիտի առողջության կենտրոններում, ուր շենքային, նյութատեխնիկական միջոցների եւ կադրերի խնդիր կա, օպտիմալացում է իրականացվում: Հանրակրթության ոլորտում էլ կրճատվել են դպրոցների բյուջեները: Սրանք  սոցիալական խնդիրներ են, որոնք պետք է լուծենք, որպեսզի մտածենք կրթության ու առողջապահության որակի մասին: Այդուհանդերձ, հաջողության ու որակի գրավականը մեկն է՝ մեր խնդիրները մենք պետք է լուծենք:

-Ցանկացած երեւույթի պետք է մոտենանք այնպես, որ այդ ամենը մերն է: Մենք խեղաթյուրում ենք ,,մեր,,-ի գաղափարը: Այն չի սահմանափակվում մեր աշխատասենյակով: Մերն  է կրթությունը, մերն է առողջապահությունը, մերն է համայնքի բյուջեն, մերն է բնակավայրի մաքրությունը,-ասաց մարզպետը եւ հավելեց, որ եթե ուզում ենք լավ ապրել, ապա յուրաքանչյուրս ասելիք ու անելիք ունենք:

Լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները Աշոտ Սիմոնյանին հղեցին համայնքների խոշորացմանը, 2018 թվականին նախատեսվող ներդրումային ծրագրերին, Աշտարակ քաղաքում իրականացվելիք նախագծերին, վերամշակող կազմակերպությունների գործունեությանը, ՏԻՄ ընտրություններին վերաբերող  իրենց հարցադրումները եւ ստացան սպառիչ պատասխաններ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին