կարևոր
4243 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-21 14:32
Քաղաքական

Այս պայքարի ռազմադաշտը գաղափարականն է, որտեղ ՔՊ-ն ոչ ասելիք ունի, ոչ անելիք․ Վաչե Բրուտյան

Հայաստանը տուրիզմի երկիր չէ, Հայաստանը «ուտուշ-խմուշի», Գառնի-Գեղարդի երկիր չէ։ Հայաստանը ամենից առաջ հայրենիք է, հայի հայրենիքը։ Եվ երբ հայրենիք ենք ասում, այլևս ուրիշ հարթության վրա ենք նայում խնդիրներին։ Իսկ հայրենասիրությունն ամենից առաջ պատասխանատվություն է հայրենիքի նկատմամբ։ Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նշել է պարակախոս, վերլուծաբան, Բոստոնի «Հայրենիք» պարբերականի և Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր, ՀՅԴ անդամ Վաչե Բրուտյանը։ 

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ու Ադրբեջանի մտադրություններին՝ նոր ագրեսիա սկսելու համար՝ Բրուտյանը ասել է․ «Այսօր այն, ինչը տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ Ադևբեջանը ևս ներառում եմ, քանի որ Թուրքիայի գործիքակազմի մաս է․ Թուրքիան ջանանում է ամեն կերպ պարտության մատնել հայկական հարցը։ Հայկական հարցն այն խնդիրն է, որի համար մեր ժողուվուրդը 1890-ականներից ոտքի ելավ ազատագրական պայքարը, որպեսզի ձերբազատվի թուրքական բռնապետությունից։ Մենք այսօր ունենք պահանջներ Թուրքիայից։ Եվ այդ պահանջների բանաձևումը՝ հայկական պետական մակարդակով 2015-ի Ծիծեռնակաբերդի հռչակագրի մեջ բնութագրված է, որը նշանակում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում, դիվանագիտական իմաստով՝ փոխհատուցում»։ Բրուտյանի խոսքով՝ Թուրքիան ուզում է այս հարցը պարտության մատնել ու Հայաստանը որպես քաղաքական ազդակ վերացնել ու այն վերածել տարածաշրջանում պարզապես քարտեզի վրա տարբեր գույն ունեցող հողատարածքի։ 

Հրապարակախոսը խոսել է Արցախի ազատագրման ստրատեգիական նշանակության մասին, որը շատ ճիշտ ըմբռնել էին Անկարայում, իսկ հայկական էլիտայի կարևոր մի շերտ այն չէր ըմբռնել․ շատերը Հայաստանում այն չէին տեղավորել հայկական հարցի շրջանակում կամ հայ-թուրքական հարաբերությունների համայնապատկերում, իսկ Թուրքիան դա արել էր։ Ինչ վերաբերում է Թուրքիայից հողային պահանջներին, Բրուտյանի դիտարկմամբ՝ այդ հարցի լուծումը սերունդների խնդիր է, իսկ այս իշխանությունը փորձում է ապագա սերունդներից խլել այդ իրավունքը։ 

Խոսելով նոր պատերազմի վտանգի մասին՝ Բրուտյանն ընդգծել է, որ այդ վտանգը երբեք վերացած չի եղել, իսկ նոյեմբերի 9-ից հետո անգամ պատեարզը կանգ չի առել, շարունակվում է։ «Այս իշխանությունն ապասարկում է օտարի՝ հատկապես մեր թշնամիների շահերը։ Դա բացահայտ է»։

Բրուտյանը նաև խոսել է այն հսկայական ապատեղեկատվության մասին, որ հրամցնում են հասարակությանը։ Ըստ Բրուտյանի՝ կեղծ լրատվությունը, որն այսօր մեր երկրում է կիրառվում նման է Արևմուտքի քարոզչական մեթոդաբանությանը։ Նրա կարծիքով Հայաստանում լրատվամիջոցներից քչերն են, որ իրապես լրատվությամբ են զբաղվում, մեծ մասը հիմնականում քարոզչամիջոց են։  «Եթե փորձում ես իշխանության քարոզչությանը հակազդել ու հակադարձել և ներկայացնել եղելությունները, անմիջապես պիտակավորում են որպես ընդդիմադիր ալիք»։

Հարցին, թե փողոցով հնարավո՞ր է հասնել իշխանափոխության, Բրուտյանը պատասխանել է․ «Ամեն ինչ կարելի է։ Պայմանն այն է, որ մեթոդները ճիշտ համադրումով ու ճիշտ ժամանակին իրագործել։ Սրբազան պայքարի ռազմադաշտը ճշտեց պայքարի ղեկավարը՝ Սրբազանը։ Ո՞րն էր այդ ռազմադաշտը։ Գաղափարական աշխարհն էր, դաշտն էր։ Այս դաշտում ՔՊ-ն ոչ ասելիք ունի, ոչ էլ անելիք»։ Բրուտյանը նկատել է, որ իշխանության հակազդեցությունը սնանկ էր, միայն մեղադրանքներ, հայհոյանքներ հնչեցին, բայց ոչ բովանդակային պատասխաններ։ «Իշխանությունը փորձեց պատասխանել բռնությամբ, որովհետև հարցը խորքային է։ Այս պայքարը խորքային պայքար է, և մեր ժողովուրդը վարժված չէ պայքարի այս մեթոդին։ Ամենից առաջ արժեքային համակարգի համար մղվող պայքար է սա։ Իշխանության փոփոխությունը սրա մեկ ածանցյալն է։ Մեր ժողովուրդը միշտ հակված է ակնկալելու արգա պատասխաններ։ Պետք է բացատրել ու համոզել, որ այս փոփոխությունները այդպես 1-2 օրով տեղի չեն ունենում։ Դյուրին լուծումներ ակնկալել պետք չէ, պետք է համբերությամբ պայքարը շարունակել։ Նույն դաշտում՝ գաղափարական դաշտում պետք է շարունակել պայքարը, մինչև հասունանա պահը, որ դու կարողանաս քո մեծ թվաքանակով վերջին հարվածը տալ»։