կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 12:50
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ն ասելիք և անելիք ունեցող կուսակցություն է, չկա խնդիր, որի լուծման տարբերակը չունենանք

ՀՅԴ-ն ասելիք և անելիք ունեցող կուսակցություն է, չկա խնդիր, որի լուծման տարբերակը չունենանք

Yerkir.am-ի զրուցակիցն է 2006 թվականից ՀՅԴ անդամ, ֆիզիկոս Վահե Առաքելյանը: ԱԺ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ վարկանիշային թեկնածուի հետ զրուցել ենք ՀՅԴ նախընտրական ծրագրի, առաջնահերթությունների, երկրում ստեղծված իրողության պայմաններում կուսակցության գործունեության մասին:

 

-Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

- ԱԺ արտահերթ ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու առաջարկը ստացել եմ Չարենցավանի` մեր կոմիտեից։ Այդ օրակարգով գումարված ընկերային հավաքի ժամանակ իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին կոմիտեության իմ բոլոր ընկերները, և նման պարագայում, ինչպես ասում են, այլ բան չէր մնում, քան համաձայնելը։ Համարում եմ, որ ունեմ բավարար կարողություններ, և այո, ինձ տեսնում եմ ԱԺ պատգամավորի կարգավիճակում։

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Հայաստանում խնդիրներ կան գրեթե բոլոր ոլորտներում, որոնք հրատապ լուծումների կարիք ունեն, բայց եթե, ըստ առաջնահերթության, դասակարգելու լինենք, ապա, իհարկե, առաջնային է սոցիալ-տնտեսականը։ Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ շատ այլ խնդիրների լուծումը կթեթևանա։

Ընտրվելու դեպքում հետևողական եմ լինելու պարտադիր կուտակային համակարգից «պարտադիր» բաղադրիչի վերացման հարցում, որն, ի դեպ, հայտարարվել  է հակասահմանադրական։ Նաև` որպես տարածքային վարկանիշային թեկնածու ընտրվելու պարագայում բարձրաձայնելու եմ այն խնդիրների մասին, որոնք կհուզեն Կոտայքի մարզի բնակիչներին։ Չեմ թաքնվելու, կլինեմ միշտ հասանելի, ինչի համար էլ հայցում եմ իմ համաքաղաքացիների և Կոտայքի մեր ընտրողների քվեն։ 2-րդն եմ 3-րդ քվեաթերթիկում։

-Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

- Այո, անհրաժեշտություն է, և համոզված եմ, որ ներկայացված կլինի խորհրդարանում։ ՀՅԴ-ն հայաստանյան քաղաքական իրականության մեջ ամենահարուստ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը:  ՀՅԴ-ն ասելիք և անելիք ունեցող կուսակցություն է։ Չկա այնպիսի խնդիր, որի լուծման տարբերակը մենք չունենանք։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ , մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

- Դաշնակցության համար այլ քաղաքական ուժերի հետ հարաբերությունները երբեք պայմանավորված չեն եղել համակրանքով կամ հակակրանքով, կամ էլ  նրանով, թե որտեղ է գտնվում տվյալ քաղաքական ուժը՝ իշխանության մե՞ջ, թե՞ ընդդիմության։ Դաշնակցությունը, հավատարիմ իր սկզբունքներին և գաղափարախոսությանը,  մշտապես Հայաստանի քաղաքական օրակարգ է բերել սեփական պատկերացումները և, նորանկախ Հայաստանի վերջին 28 տարիների ընթացքում երբևէ չունենալով ամբողջական իշխանություն, հանդես է եկել այլ քաղաքական ուժերի ուղղված կոչով` համախոհությամբ լուծել առկա խնդիրները։

- Ո՞ր հարցերն են,  որ առաջնահերթ եք համարում մեր երկրի համար, ի՞նչ է անում ՀՅԴ-ն այս ուղղությամբ եւ ի՞նչ է պատրաստվում անել, եթե կրկին դառնա խորհրդարանական կուսակցություն:

- Առաջնահերթ հարցերից մեկի մասին արդեն ասացի։ Մյուսը, որ կառանձնացնեի, Արցախի հիմնահարցն է։ Այստեղ պետք է գծվի «կարմիր գիծ», որը, անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ուժեր կգան իշխանության, հայկական կողմից բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները չպետք է անցնեն։ Ավելի պարզ ասած՝ հայկական կողմը չպետք է ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման սկզբունքը կստորադասվի կամ առաջնային չի համարվի։ Պետք է օրակարգում պահվի նաև, ըստ անհրաժեշտության, Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիր ստորագրելու դրույթը։

Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից քննադատություններ են հնչում, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

- Նորմալ, եթե խոսքը վերաբերում է առողջ, այլ ոչ թե կեղծիքով ու հայհոյանքով «համեմված» քննադատություններին։ Քննադատությունների մեծ մասը կապված է տարբեր քաղաքական ուժերի հետ փոխհարաբերություններին և հատկապես կոալիցիոն գործընկերությանը։ Հաճախ ենք լսում` երեկ նրա հետ էիք, այսօր՝ սրա, բայց ոչ ոք չի ասում, որ երեկ ու այսօր այս մարդիկ նույն բանն են ասում, և դեռ հարց է, թե ով է ում միացել։ Օրինակները բազմաթիվ են` հայ-թուրքական արձանագրությունները, երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցումը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը և այլն։

Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ապա ավելին ասել չեմ կարող, քան այն, ինչ արդեն հայտարարել են մեր ընկերները, որ Դաշնակցությունն այլևս մաս չի կազմի իշխանությանը, եթե ազդեցություն չունենա որոշումների կայացման վրա։

ՀՅԴ-ն մեր երկրի` ամենահարուստ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոններն օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

- Եթե փորձառությունը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, ապա կազմակերպվածությունն ապահովում է այդ անհրաժեշտ ժամանակը։ Կարծում եմ` մեր ծրագրերն ու գաղափարները բռնել են ժամանակի քննությունը, իսկ Կանոնադրությունն ու ժողովների որոշումները մեր կազմակերպական բոլոր օղակների, այդ թվում` ԱԺ ՀՅԴ խմբակցության համար, հստակ սահմանում և նախագծում են գործունեության դաշտն ու լիազորությունները։ Այստեղ պետք է կարևորել նաև վերադաս մարմինների հաշվետվողականությունը շարքերին։

- Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխությունը, հետհեղափոխական էյֆորիան, դժվար կլինի ուժերի համար համոզել ընտրողին, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց Ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

- Իսկ դաշնակցականի համար ե՞րբ է հեշտ եղել, որ հիմա էլ դժվար լինի։ Կարծում եմ` մեզ համար առանձնապես տարբերություն չկա` ընտրակաշառքով ու վերահսկողությամբ, թե` հետհեղափոխական էյֆորիայով է ընտրություն անցկացվում, իսկ ընտրողին մեր առաջարկը չի փոխվել` զարգանալ՝ չզիջելով։

Մ.Մ.