կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 20:00
Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերի հետ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուրերի հետ: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին հանգամանալից տեղեկատվություն հաղորդեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ծանոթացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրա հետևանքով պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերին: Նախարարն ընդգծեց, որ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը համընդհանուր են՝ անկախ տվյալ տարածքի կարգավիճակից, և այս կապակցությամբ ցանկացած այլ մեկնաբանություն կրականապես անընդունելի է:

Անդրադարձ կատարելով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող քաղաքականությանը և տարածաշրջանն ահաբեկչության օջախ դարձնելու նկրտումներին՝ ԱԳ նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:

Կողմերն ընդգծեցին կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 17-ին և 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ նախագահը կարևորեց կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման և զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: