Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 23-ին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանին:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Նորիկի Սիմոնյանին:
Այսպես` Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից: Հերթական անգամ` 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում դարձյալ ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին:
Այնուհետև` ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին, քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել, ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով, կացինով սպանել նրան տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:
Ռուզաննա Մկրտչյանը, վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
Սպանությունը կատարելուց հետո տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին, և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշով ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել ու թաքցրել է Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռու, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին` ժամը 23:30-ի սահմաններում: Այսինքն` Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարք, որի համար պատիժ է նախատեսված ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: