կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 13:48
Քաղաքական

Ցանկանում եմ պարզ լուծում առաջարկել. Արմենուհի Կյուրեղյանը` «Ելք»-ի նախագծի մասին

Ցանկանում եմ պարզ լուծում առաջարկել. Արմենուհի Կյուրեղյանը` «Ելք»-ի նախագծի մասին

Խորհրդարանում քննարկվեց «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ նախագծով առաջարկում են, որ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ստուգվեն խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձնագիրը:

«Մենք առաջարկում ենք մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը ծանր կացության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչվող անձի մուտքը խաղասրահ սահմանափակել, ինչի համար կարգ է նախատեսվում»,- ասաց նա:

Մարուքյանը նաև հայտնեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործելու խաղասրահ և խաղադրույքներ կատարելու, բայց վերահսկողության կարգ սահմանված չէ: «Հիմա մենք նախատեսում ենք առանձին ընթացակարգ, որ մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է` արդյո՞ք լրացած է նրա 21 տարին»,- տեղեկացրեց նա:

Պատգամավորի խոսքով` կառավարության հետ կոմպրոմիսի չեն եկել այն հարցում, որ խաղամոլ ճանաչված անձն ինքը դիմի ֆինանսների նախարարություն, ինքնարգելքի միջոցով սահմանափակի իր` խաղասրահ մուտք գործելու հնարավորությունը: «Այսինքն` անձը նշի, որ ինքը տարվել է մոլի խաղերով, և ստորագրում է թուղթ, որով իրեն կարգելեն ՀՀ տարածքում ցանկացած խաղասրահ մուտք գործել»,- ասաց նա:

Մարուքյան միևնույն ժամանակ նշեց, որ կոմպրոմիսը եղել է հետևյալում. «Հիմա առանց այդ դրույթի ներկայացնում են նախագիծը, մնացած մասով ապագայում կունենանք նոր նախագիծ»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ ցանկանում է պարզ լուծում առաջարկել: «Ուզում եմ մեկ պարզ լուծում առաջարկել` ինքնաբացարկ հայտարարող և խաղերից հրաժարվող մարդուն հնարավորություն տալ իսկապես չմտնելու խաղատուն կամ չօգտագործելու իր բանկային հաշվեհամարները գոնե խաղատներում: Խաղատուն մտնելիս, պարոն Մարուքյանի առաջարկով, մենք, փաստորեն, հնարավորություն եք տալիս ստուգելու` մուտք գործող անձը 21 տարեկա՞ն է,  թե՞ ոչ: Այդ դեպքում եթե անձնագիրն էլեկտրոնային ստուգում անցնի, պարզ կլինի` մարդն ինքը գնացե՞լ է բանկ, ինքն իր հայտարարությամբ հրաժարվե՞լ է խաղատներում օգտագործել իր բանկային հաշվիները»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կարելի է դա ցանցի միջոցով կազմակերպել և պարզ մեխանիզմով լուծել այդ խնդիրը, ինչը չի պահանջի, որ մարդուն անգործունակ ճանաչեն: «Սա մեխանիզմ է, որը կարելի է օգտագործել: Եթե այլ երկրներում կա, պետք է մեր երկրում էլ դա կիրառելի դարձնել և չասել, որ դա հնարավոր չէ»,- նշեց Կյուրեղյանը: