կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 09:35
Հասարակություն

Ցանկություն չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ. Արմենուհի Կյուրեղյանը՝ «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում ստացված հանգանակության մասին. Tert.am

Ցանկություն չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ. Արմենուհի Կյուրեղյանը՝ «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում ստացված հանգանակության մասին. Tert.am

Ցանկություն չկա Հայաստանին գումարներ փոխանցելու, որովհետև վստահություն չկա իշխանությունների հանդեպ: Այս ամսին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով «Հեռուստամարաթոն 2019»-ին ստացված հանգանակությանը:

«Վստահության խնդիր ունենք թե՛ ներդրողների առումով, ընդհանրապես, թե՛ «Հեռուստամարաթոն-2019»-ի դրամահավաքի առումով, որովհետև ներդրումն առաջին հերթին ենթադրում է համապատասխան վստահություն, համապատասխան օրենսդրական միջավայր, կայուն միջավայր, որոնցից ոչ մեկը մենք այսօր չունենք»,-ասաց Կյուրեղյանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վստահության պակասը, Արմենուհի Կյուրեղյանը մի քանի հանգամանք ներկայացրեց. «Դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումները, սիրո և համերաշխության հեղափոխություն հայտարարած միջավայրի բացակայությունը, և դեռ ավելին՝ սև ու սպիտակի բաժանումը: Այս ամենը նպաստում են, որ մարդիկ սկսեն մտածել՝ արժե՞ արդյոք այս երկրում ներդրում անել, որևէ գումար փոխանցել և ծախսել՝ հետագայում եկամուտ ստանալու ակնկալիքով»:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանության գալը հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո ավելացել է Հայաստանի հանդեպ Սփյուռքի և նաև օտարերկրյա ներդրողների կողմից վստահությունը, Արմենուհի Կյուրեղյանն ասաց, թե նույն դիտարկումն ինքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին՝ մինչ խորհրդարանական վերջին ընտրությունները, երբ Փաշինյանն արդեն վարչապետ էր:

«Հիշեցրի իրեն, որ ասում էր՝ հազարավոր զանգեր է ստանում, մարդիկ ասում են, թե սպասում են՝ վարչապետ դառնա, և ներդրումների հոսք կլինի, ապա հարցրի՝ ու՞ր են այդ ներդրումները, ինչու՞ չեն գալիս, և ինքը դեռ այն ժամանակ պատասխանեց, թե գումարը հո ձեռքի տակ պահվող բան չէ, հո բարձի տակ չի պահվում, որ միանգամից հանեն ու բերեն. փաստորեն, բարձի տակ էլ չէ, ավելի խորքերում են պահել»,-ասաց Կյուրեղյանն ու հավելեց՝եթե այդ գումարներն ու դրանց մասին խոստումներն իսկապես եղել էին, այժմ պետք է փոխանցված լինեին:

Հարցին՝ ի՞նչ է պետք անել՝ Հայաստանի հանդեպ վստահությունը վերականգնելու համար, Կյուրեղյանը նշեց, թե առաջին հերթին պետք է վերացնել պատճառները: «Պետք է սկսել հենց դատաիրավական համակարգի նկատմամբ հարձակումներին վերջ տալուց, անել այնպես, որ իսկապես տիրի սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, ինչը, իհարկե, չեմ ակնկալում այս թափով ավելացող չարության ու ատելության դեպքում: Պետք է ստեղծել համապատասխան օրենսդրական միջավայր ներդրումների պաշտպանության, համապատասխան օրենքների կիրառման համար. հազար ու  մի մեխանիզմ կա, որոնցից ոչ մեկի կատարման նկատմամբ այսօր Կառավարության կողմից պատրաստակամություն չեմ տեսնում, դեռ ավելին՝ եղած բարդ իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է խորացվում»,-ամփոփեց Արմենուհի Կյուրեղյանը:  

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2019»-ի ընթացքում հանգանակվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է. առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է: