Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 11-ին կայացավ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ կանանց ներկայացուցիչների անդրանիկ հավաքը, որը նախաձեռնեց «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը: Հիմնադիր հավաքի արդյունքում ընդունվեց փաստաթուղթ: ԱԺ իր ելույթի ժամանակ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ներկայացրեց այդ փաստաթուղթը.
«Ա. Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ներկայիս սպառնալի իրավիճակը, երբ պատերազմն իր տարբեր դրսևորումներով չի դադարում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր, քանի դեռ ամեն օր Հայաստանի և Արցախի սահմաններում խաղաղ բնակիչների, մեր սահմանները հսկող հայոց բանակային ստորաբաժանումների դեմ չեն դադարում ադրբեջանաթուրքական ուղղակի հարձակումները, վերադարձված չեն գերեվարված ու պատանդառված անձերը, իրենց ծնողներին, հայրենի հողին հանձնված չեն մեր զոհված հերոսների մարմինները, հազարավոր փախստականներ Հայաստանի և Արցախի բռնազավթված բնակավայրերից չունեն տուն և աշխատանք, նրանց պատճառված բարոյական, ֆիզիկական և նյութական վնասները հատուցված չեն, մեր հոգևոր մշակութային կոթողները ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, դամոկլյան սրի պես կախված է Արցախի հայ բնակչության ցեղասպանության ուղղակի սպառնալիքը, հայ հանրությունը պառակտված է, քաղաքական, ազգային-բարոյական արժեքները խառնակված, հայ կանայք չեն կարող լռել և կրավորական դիրքորոշում որդեգրել:
Բ. Հայության հավաքական ներուժի համախմբումը նշանակում է ամենից առաջ կանանց ուժերի և գաղափարների մեկտեղում, նրանց կազմակերպական կարողությունների դրսևորման գործնական հարթակի ձևավորում և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում, և՛ հայոց մեծ Սփյուռքում՝ միասնական գործողությունների և ծրագրերի իրականացման համար, որպեսզի քայլ առ քայլ հաղթահարենք ազգային ինքնության ճգնաժամը, վերականգնեք մեր պետական, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և գիտակրթական ուժերի հանդեպ կորսված հավատը:
Գ. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը հետամուտ է Արցախի Հանրապետության կարգավիճակի, ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի ճանաչման համար հանրային իրազեկման և պահանջատիրության, ինչպես նաև Ադրբեջանի պետական ահաբեկչական և ցեղասպան գործողությունների բացահայտման ցանցային ծրագիր մշակելուն և իրականացնելուն:
Դ. Պատրաստ ենք մեր նախաձեռնությունները ծառայեցնելու հայոց բանակի ուժեղացմանը, զինվորականների սոցիալական, հանրային կարգավիճակի բարձրացմանը սատարելուն:
Ե. «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը կոչ է անում հանրային ակտիվ դիրքորոշում ունեցող գործարար, արվեստագետ, գիտնական, պետական ծառայող, ուսուցիչ և բոլոր մասնագիտությունների կանանց համախմբվել Հայաստանի և Արցախի պետականությունների ամրապնդման ուղղությամբ ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու համար:
Զ. Համոզված ենք, որ Հայաստանում պետք է շուտափույթ ձևավորվի ազգային համաձայնության արհեստավարժ կառավարություն, որն ունակ կլինի իրականացնելու մեր ազգային նպատակները, ձախողումների շղթայից դուրս բերի Հայաստանը։
Է․ Պարտությունների խորհրդանիշ, ապազգային քաղաքական ուժերը պետք է ժողովրդի միահամուռ կամարտահայտությամբ հեռանան իշխանությունից:
Սիրելի կանայք, այսօր, քան երբևէ մենք իրավունք չունենք չկանգնել մեր պետության, մեր պետականության, արցախահայության ինքնորոշման իրավունքի պահպանման գործի կողքին:
Ուզում ենք անվտանգ ապրել, ուրեմն պետք է պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար:
Ուզում ենք խաղաղ ապրել, ուրեմն պետք է պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար:
Սիրելի կանայք, շարժումը բաց է բոլոր միացողների համար: Շարժմանը կարող եք միանալ «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» fb-յան կամ Telegram-յան էջերով: