կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 18:11
Քաղաքական

Ես ցանկանում եմ փաթեթով լուծում առաջարկել. վարչապետը՝ կուտակայինի մասին

Ես ցանկանում եմ փաթեթով լուծում առաջարկել. վարչապետը՝ կուտակայինի մասին

Կառավարությունը կուտակայինի գործով հստակություն է մտցնելու ոչ թե խոսքով, այլ գործով. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Նա նշեց, որ օրենքը փոփոխելու ուղությամբ կառավարությունը հստակ աշխատում է և քաղաքացիների բոլոր հարցերին, մտահոգություններին սպառիչ պատասխաններ է տալու: «Մենք մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել, որ միանան մեր աշխատանքներին: Առաջին քայլը ես արել եմ` հանել ենք տույժերն ու տուգանքները: Հիմա կառավարությունը պետք է Սահմանադրական դատարանի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»:

 

ԱԺ նիստում պատասխանելով կուտակայինի հարցում անորոշությունները հստակեցնելու վերաբերյալ` ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի հարցին` Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ես հստակ պատասխանել եմ, պատասխանել եմ այնքանով, որքանով այսօր մաքսիմում հնարավոր է ասել: Դա նշվել է իմ ուղերձում, և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Հիմա ակնկալում եմ, որ վեց խմբակցությունները կներգրավվեն այդ աշխատանքներում, ես ցանկանում եմ փաթեթով լուծում առաջարկել»,- ասաց վարչապետը:

 

Նրա խոսքով` գումարների վերադարձման հարցը կապված է նաև ՍԴ որոշման հետ, և այդ խնդիրը քննարկվում է, փորձելու են ավելի հստակեցնել այդ դիրքորոշումները: Անհրաժեշտ է գոնե մեկ շաբաթ` բոլոր այդ հարցերի պատասխանն ունենալու համար:

 

Վահան Բաբայանը հարցրեց. «Պարո'ն վարչապետ, պարտադիր բաղադրիչը դո՞ւրս է գալու, թե՞ ոչ»:

 

«Դե, Դուք ուզում եք, որ ես ուղիղ պատասխանեմ այդ հարցին, չեմ կարող պատասխանել: Ես ասել եմ, որ դե ֆակտո` այո, կարծում եմ` դա բավարար է, որ երկրի վարչապետը նման հայտարարություն է արել»,- ասաց Աբրահամյանը: