կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-06 16:12
Հասարակություն

Որևէ մեկնաբանություն չի արվելու. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները` Ծառուկյանի և Բաբայանի կողմից քաղաքացուն հարվածելու մասին

Որևէ մեկնաբանություն չի արվելու. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները` Ծառուկյանի և Բաբայանի կողմից քաղաքացուն հարվածելու մասին

Այս պահին որևէ մեկնաբանություն չի արվելու, պետք է սպասենք հետագա ընթացքին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով հուլիսի 3-ին «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի կողմից քաղաքացու ծեծի ենթարկելուն:

Հիշեցնենք, որ այնուհետև քաղաքացին հայտարարել էր, որ իրեն նախ հարվածել է հենց Գագիկ Ծառուկյանը: Ճիշտ է հետո ասել էր, որ Գագիկ Ծառուկյանի հետ խնդիր չունի, բայց Ծառուկյանի անվտանգության ծառայության պետն այս պահին կալանավորված է:

«Դա միջադեպ էր, միջադեպ չէր, չեմ կարող ասել: Նեղացել ենք իրարից, հիմա անցել-գնացել ա, ի՞նչ են սրան պալիտիչսկի ատնաշենի տալիս, չգիտեմ: Գագիկ Ծառուկյանին ես 100 տարի գիտեմ, ինքը ինձ ա հարգում, ես` իրան: Ես խնդիր չունեմ պարոն Ծառուկյանի հետ: Հա, դե ընկել եմ, բա ինչ եմ արել, ոչ մի պրետենզիա չունեմ»,- ասել էր տուժող Վյաչեսլավ Հարությունովը:

Լրագրողները Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին` տեսե՞լ է Ծառուկյանին, նա ներկա եղե՞լ է, հարվածե՞լ է, որովհետև տուժողն այդպես էր ասել: Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի: Տուժողը հստակ ներկայացրել է իր խոսքը, որևէ հարված չի եղել Էդուարդ Բաբայանի և որևէ այլ անձի կողմից: Խնդրում եմ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը այս թեմայի վերաբերյալ: Ես որևէ այլ հարցի չեմ պատասխանելու»:

Նա հավելեց, որ գործը իրավապահ համակարգի տիրույթում է, և որևէ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ այլևս չի լինելու:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը, ասաց, որ դեպքին գնահտական տալու իմաստ չկա, որովհետև այն գտնվում է  իրավական տիրույթում: «Քննություն է ընթանում, որևէ գնահատում կարող է վնասել քննության շահերին, քաղաքականացվել, որի իմաստը չկա: Ավելի լավ է`  թողնենք իրավական հարթության մեջ, երբ ինչ-որ շեղումներ կլինեն քննությունից, այդ ժամանակ կարող ենք արձագանքել»,- ասաց նա:

Բագրատյանը հավելեց, որ այս պահին, երբ հանրային ընկալման մեջ իրավապահ համակարգը համարվում է իդեալական, վստահության արժանի, չպետք է գնահատական տալ, պետք է սպասել դեպքերի ընթացքին:

Հարցին` շփվե՞լ է Էդուարդ Բաբայանի  հետ, սպասելի՞ էր, որ նա կարող է քաղաքացու հարվածել, Բագրատյանն ասաց. «Ես Բաբայան էդուարդին գիտեմ որպես զուսպ մարդու: Ընդհանրապես, մարզիկները զուսպ են, ես այդպես գիտեմ»:

Հարցին` այս դեպքը չի՞ վկայում այն մասին, որ իրավապահ համակարգի ստուգումներն արդեն «Ծառուկյան» դաշինքի անդամների նկատմամբ են սկսվելու, նա արձագանքեց. «Որևէ մեկն օրենքից բարձր չէ` որևէ քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն կամ ցանկացած քաղաքացի, եթե կխախտի օրենք, պետք է պատժվի: Այլևս որևէ մեկն օրենքից բարձր չպետք է լինի»:

Դիտարկմանն էլ` այդ անձը միշտ սկանդալների կենտրոնում է եղել, անցած տարի «Շանգրիլա» խաղատանը տեղի ունեցավ նրա մասնակցությամբ միջադեպ, նա  այնքան էլ զուսպ անձնավորություն չէ, Բագրատյանն արձագանքեց, որ մարդուն բնութագրում է այնպես, ինչպես տեսել է:  

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կողմից Հարությունովին հարվածելուն, նա ասաց, թե Գագիկ Ծառուկյանի հետ միշտ հանդիպում են, նման հարց չի քննարկվել:

Հարցին` Գագիկ Ծառուկյանին է՞լ է զուսպ մարդ համարում, Բագրատյանը պատասխանեց. «Մենք յուրաքանչյուրին ըստ մասնագիտությունների ենք գնահատում: Պարոն Ծառուկյանը քաղաքական գործիչ է, հանրահայտ մարդ է, բոլորիդ աչքի առաջ է, չեմ կարծում, որ գնահատման կարիք կա»: