Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության պատվիրակության մարզային ամենամյա այցերի շրջանակներում նոյեմբերի 29-ին այցելեց Արագածոտն մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ այցելության համար եւ նշեց, որ կարեւորում է, որ այն կայացել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը որ անչափ նշանակալի է Հայաստանի համար:
-Կարծում եմ, որ համաձայնագրի ընձեռած հնարավորությունները Հայաստանը առավելագույնը կօգտագործի, եւ Եվրոպական արժեքների որդեգրման առումով այն նպաստավոր կլինի,-ասաց Աշոտ Սիմոնյանը եւ հույս հայտնեց, որ համագործակցությունը լայնորեն կծավալվի նաեւ մարզի մակարդակով:
Պյոտր Սվիտալսկին համամիտ եղավ մարզպետի այն տեսակետի հետ, որ ստորագրված համաձայնագիրը շահեկան է լինելու փոխգործակցության համար, եւ նոր ու մեծածավալ ներդրումների ակնկալիքներ կան:
Դեսպանը այս այցելությունը պայմանավորեց այն հանգամանքով, որ իրենց գործունեությամբ մեծ հակվածություն ունեն դեպի մարզերը եւ ներկայացրեց մի շարք ծրագրեր, որոնք արդեն իսկ իրականացվում են: Նա նշեց, որ այդուհանդերձ, իրենց հնարավորությունները շատ ավելին են եւ առաջիկա ծրագրերի մեջ առանձնացրեց հատկապես խոշորացված համայնքներում նախատեսվող ծրագրերի իրականացումը:
Երկուստեք քննարկումից հետո հստակեցվեցին այն ոլորտները, որոնցում ներդրումների համար պոտենցիալ հնարավորություններ կան: Մասնավորապես, առանձնացվեցին գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը, որոնց ուղղությամբ արդեն իսկ քննարկումներ են ընթանում: Լինելով գյուղատնտեսական մարզ, կարեւորվեց ոլորտի զարգացումն իբրեւ բիզնես, որով հնարավոր կլինի ընտանիք պահել, հարկ վճարել եւ երկիր հարստացնել: Իսկ զբոսաշրջության առումով Արագածոտնի մարզը հրաշալի ներուժ ունի, քանի որ հարուստ է բնական, պատմա-մշակութային մեծարժեք եւ հաճախ եզակի համարվող ժառանգությամբ:
Կողմերը համակարծիք եղան այն գաղափարի շուրջ, որ երկրի զարգացումը համաչափ պետք է ընթանա՝ իր մեջ ներառելով ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ՝ բոլոր մարզերը եւ համայնքները:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, մարզպետը եւ դեսպանը պայմանավորվեցին, որ նման հանդիպումներ առաջիկայում եւս կլինեն, եւ համատեղ արդյունավետ գործակցություն կապահովվի:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին