կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 22:05
Տնտեսական

Սվիտալսկին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում

Սվիտալսկին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում

Հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») հարցերով Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում և նախատեսում է հանդիպումներ ՀՀ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում «GSP+» ռեժիմի կիրառմանը, «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը, «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակներում Հայաստանի կողմից տրամադրված զեկույցին, ինչպես նաև առաքելության ընթացքում նախատեսված հանդիպումներին առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում` հունիսի 22-ին: