Ցավալի է, որ ԱԺ-ն ԸՕ բարեփոխումների նոր փաթեթը չընդունեց, քանի որ այդ փոփոխությունները նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից էին դրական գնահատվել. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Ըստ նրա` որոշ փոփոխություններ համապատասխանում էին այն հանձնարարականներին, որոնք ներկայացվել էին ԵԽ-ի կողմից: «Կարծում եմ՝ այդ պահը ճիշտ չօգտագործվեց, ու հնարավորությունը բաց թողնվեց, որպեսզի ԸՕ-ն բարեփոխվի: Բայց, որպես ԵՄ, մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք ներդրել էին թե' կառավարությունը, թե' փորձագետները՝ աշխատելով այդ փաթեթի վրա: Մեր հանձնառությունը՝ գալիք ընտրություններին աջակցել, շարունակվելու է, և բարեփոխումների փաթեթը չընդունելը ոչ մի կերպ չի ազդելու դրա վրա»,- ասաց Սվիտալսկին:
Նա նշեց նաև, որ, իր կարծիքով, վաղ, թե ուշ այդ փոփոխությունները տեղի են ունենալու, քանի որ նկատում են, թե կառավարությունն ինչքանով է ներգրավված ժողովրդավարական գործընթացներում: «ԱԺ-ից երկու անդամ էր դեմ քվեարկել, ինչն ընդամենը քաղաքականություն է, ներքին հարց: Մենք՝ որպես ԵՄ, չենք միջամտում նման հարցերում»,- ասաց ԵՄ դեսպանը: