կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 15:51
Քաղաքական

Երբ ՀՀԿ-ն կառաջարկի ՀՀ նախագահի իր թեկնածուին, կքննարկենք սատարելու հարցը. Էդմոն Մարուքյան

Երբ ՀՀԿ-ն կառաջարկի ՀՀ նախագահի իր թեկնածուին, կքննարկենք սատարելու հարցը. Էդմոն Մարուքյան

Դա «Ծառուկյան» դաշինքի գործն է` ում սատարեն, ում` ոչ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ հնարավոր է սատարեն Հանրապետականի` ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուին:

«Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջարկում ենք սատարել, եթե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները միանան, դեռևս ժամանակ կա, 26 ստորագրություն է պետք, մենք կունենանք նախագահի թեկնածու, որը կլինի այլընտրանքային: Եթե դա տեղի չունենա, ապա իմացեք մի բան, որ առաջին փուլում նախագահի ընտրությունը կավարտվի: Մենք հանգիստ ենք վերաբերվում նրանց հայտարարությանը, իրենց գործն է»,- ասաց նա:

Հարցին` սխալ ուժից չե՞ն օգնության դիմել, Մարուքյանը պատասխանեց. «Մենք օգտվում ենք խորհրդարանական մեխանիզմներից: Մարդիկ հայտարարել են, որ ընդդիմադիր են: Մենք ունենք նախաձեռնություն` Սահմանադրական դատարան դիմելու, տարբեր նախաձեռնություններ, որոնց համար անհրաժեշտ են ստորագրություններ: Հիմա` միանում են՝ միանում են, չեն միանում` գնահատականը վերջին հաշվով տալիս է քաղաքացին»:

Անդրադառնալով Ծառուկյանի մեղադրանքին, թե սեպտեմբերից իրենք էլ են առաջարկներ արել, բայց ոչ ոք իրենց չի սատարել, Մարուքյանը նշեց, որ «Ելք»-ը բոլոր փոփոխություններին, որ միտված են հարկային օրենսգրքին, կողմ է քվեարկել: «Եթե մեր ստորագրությունների կարիքը լիներ, թող դիմեին, կստորագրեինք»,- ասաց նա:

Հարցին` բացառո՞ւմ են, որ կսատարեն ՀՀ նախագահի պաշտոնում Հանրապետականի թեկնածուին, պատգամավորը պատասխանեց, որ այս պահին Հանրապետականը թեկնածու դեռ չի առաջադրել, երբ առաջադրի կքննարկեն: «Եթե դեմ էլ ենք թեկնածուին, պետք է քննարկենք: Եթե մեր թեկնածուին չենք կարող առաջադրել, ուրիշ թեկնածու կա, պետք է քննարկել այդ հարցը»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե Արամ Սարգսյանը, օրինակ, միանգամից բացառել է, որ կսատարեն Հանրապետականի թեկնածուին:

«Պետք է այդ թեկնածուն գա խմբակցությունների հետ հանդիպման: Որ մարդը գա մեզ հետ հանդիպելու, զրուցի, հո չենք ասելու` չենք ուզում ձեզ տեսնել»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև նշեց, որ ասվել է` անկուսակցական ու արժանի մարդ է լինելու թելկնածուն, իսկ այդպիսի մարդիկ շատ են: «Էնքան մարդ կա, որ կարող է արժանի լինել: Ես որքանով հիշում եմ, ասվել է` անկուսակցական, Սփյուռքում հարգանք վայելող մարդ պետք է լինի նախագահը: Այդպիսի մարդիկ շատ կան, Շառլ Ազնավուրն էլ կարող է լինել»,- ասաց պատգամավորը: