կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-05 13:35
Հասարակություն

Ձեր պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից. Սերժ Սարգսյան

Ձեր պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.

 

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,

 

Շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր:

 

ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ: Այսօր մեր ժողովուրդը հանձինս ձեզ ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Մարդիկ այսօր կասկած չունեն, որ անհրաժեշտության դեպքում իրենց օգնության կհասնեն՝ փորձությունն ու անելանելի թվացող իրավիճակը հաղթահարելու համար:

 

Առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են նաև կառավարման, մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման նոր մշակույթի ձևավորման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, հիմնախնդիրների լուծման համար երկրի ամբողջ ներուժի ներգրավման ոլորտներում: Այսպիսի վերելքը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն և աճի տեմպերի պահպանում: Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եք կյանքի կոչում իմ հանձնարարականը՝ որակյալ ծառայությունները հասցնել հեռավոր, հատկապես սահմանամերձ համայնքներ:

 

Անելիքները շատ-շատ են և՛ փրկարարության, և՛ սեյսմիկ պաշտպանության, և՛ տեխնիկական անվտանգության, հիդրոմետ և հակակարկտային ծառայությունների, և՛ այսօր ամենահրատապ՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում: Նախարարության հայրենանվեր աշխատակիցների պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից:

 

Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը:

 

Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն: