կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 12:47
Մշակույթ

Որոնող մարդու ճակատագիրը՝ պատմությունների առանցքում. Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը՝ հայերենով

Որոնող մարդու ճակատագիրը՝ պատմությունների առանցքում. Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը՝ հայերենով

Խորհրդածություն մարդու ճակատագրի, նրա առաքելության մասին:  «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում անցկացվեց ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Թեպետ Էքզյուպերին հայ ընթերցողին առավելապես ծանոթ է «Փոքրիկ Իշխան» համաշխարհային բեսթսելերի շնորհիվ, այնուամենայնիվ, այս գործն էլ պակաս արժեքավոր ու հետաքրքրական չէ: Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

Շնորհանդեսի ընթացքում անդրադառնալով գրքին՝ «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ այս ստեղծագործությունը վերհանում է մարդկային արժանիքներն ու թերությունները: Նա նաև անդրադարձավ հրատարակչության առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ այն լույս կընծայի Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը: 25-ամյակը բոլորող հրատարակչությունը պատրաստել է նաև անակնկալներ ընթերցասերների համար. առաջիկայում սպասվում են հետաքրքիր ստեղծագործությունների հայերեն թարգմանություններ:

«Էքզյուպերին համաշխարհային հեղինակ է, նրան չճանաչող չկա: Նրա գործերն ընթերցում են ամբողջ աշխարհում: Վերջին շրջանում «Էդիթ Պրինտ»-ը մեկը մյուսի հետևից հրաշալի գրքեր է ներկայացնում, շնորհավորում եմ»,- նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Հատկանշական է, որ այս ստեղծագործությունն առաջին անգամ է թարգմանվում բնագրից՝ ֆրանսերենից հայերեն:

«Այս ստեղծագործությունը, ըստ էության, խոհագրությունների, տարբեր տարիներին գրված պատումների, ակնարկների ժողովածու է: Էքզյուպերին դրանք գրել է օդագնացության տարիների ընթացքում: Պատմությունների առանցքում որոնող մարդու ճակատագիրն է, մարդ, որն առավել բարձրի, գեղեցիկի որոնումը կարող է հասցնել մինչև Սահարայի անապատ: Կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի»,- նշեց գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև ռեժիսոր Վահե Յանի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի մասին պատմող փոքրիկ ֆիլմը:

Նշենք, որ «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին: