կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-22 11:48
Մշակույթ

Էքզյուպերիի գործերը պետք է վերահրատարակվեն՝ անկախ «մոդայից». գրողի ևս մեկ գիրք թարգմանվեց հայերեն

Էքզյուպերիի գործերը պետք է վերահրատարակվեն՝ անկախ «մոդայից». գրողի ևս մեկ գիրք թարգմանվեց հայերեն

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակի հայերեն թարգմանությունն արդեն հասանելի է ընթերցողներին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:

«Գիշերային թռիչք»-ը կյանքի, դրա իմաստի շուրջ խորհրդածություններ են, որոնք ընթերցողին ստիպում են վերանայել ապրածը, թռիչք կատարել դեպի լույսը: Գիշերային թռիքները միշտ չէ, որ հաջողությամբ են ավարտվում, սակայն, մյուս կողմից, եթե յուրաքանչյուր կորստից հետո ընկճվեն ու դադարեցնեն այդ թռիչքները, տանուլ կտան… կյանքին: Դժվարությունը, ըստ հերոսի, կոփում է մարդուն, ստիպում ճիշտ մտածել, նվազեցնել սխալվելու հնարավորությունը ու նպատակին հասնելու պահպանել ընթացքը:

«Գիշերային թռիչքը» Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է, որը ֆրանսերենից առաջին անգամ է թարգմանվում:

«Էդիթ Պրինտ» ընկերության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Էքզյուպերիին կարելի է դասել հանճարների շարքը` որպես գրող ու  որպես  մարդկային հարաբերությունների գիտակ: «Իրականում թարգմանչական գործը շատ կարևոր է. դարեր շարունակ մենք գրականության և մշակույթի միջոցով ենք  հաջողությունների հասել, կարևոր է, որ այդ բռնած գիծը շարունակենք: Շուշանիկ Թամրազյանը հրաշալի թարգմանչուհի է, նրա թարգմանությամբ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը կարդալիս տպավորություն էր՝  մտել եմ հերոսի կերպարի մեջ,  նրա շրջապատի ու փիլիսոփայության մեջ. ես չզգացի, որ այն թարգմանություն է:  Մենք այս գործը չէինք շարունակի, եթե այդպես չլիներ, քանի որ Էքզյուպերիի գործերը չի կարելի թարգմանել` մատների արանքով նայելով, հանուն բիզնեսի կամ փողի, ու հրաշալի է, որ Շուշանիկն էլ է այդպես մտածում»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց նաև, որ առաջիկայում Էքզյուպերիից էլի գործեր կթարգմանվեն, մասնավորապես պլանավորում են լույս ընծայել «Նամակ պատանդին» ստեղծագործությունը, հետո արդեն`  «Ռազմական օդաչու»-ն և «Միջնաբերդը»:

Կարապետյանի խոսքով՝ ուզում են վերահրատարակել նաև «Փոքրիկ իշխանը», որը կլինի լրիվ ուրիշ «Փոքրիկ իշխան», թեև, նրա հավաստմամբ, եղածներն էլ վատը չեն: 

Գրքի թարգմանիչն էլ՝ Շուշանիկ Թամրազյանը, նշեց, որ իր համար յուրաքանչյուր գրքի  լույս  ընծայումը մեծ իրադարձություն է: Ըստ նրա՝ չնայած թարգմանական դժվարություններին, հաճույքով է այդ գործն անում, քանի որ Էքզյուպերին այն հեղինակներից է, ում հետ թարգմանիչը երազում է առնչվել:

«Ես միշտ իմ սիրելի, ինձ համար թանկ գրքերը համեմատում եմ տոնախմբության սպասող,  հյուրերին  սպասող տան հետ, ճշմարիտ գրականությունը վերածվում է  ներքին  տոնախմբության:  Սա իսկապես բարձր գրականություն է, և պետք է այն պարբերաբար  վերահրատարակել` անկախ «մոդաներից»: Էքզյուպերին այնքան շուտ է ընդունվում  ընթերցողի կողմից, որ ինքնըստինքյան ընթերցողը փարվում է  հեղինակին և մի պահ  մոռանում, որ նա լուրջ ու խստապահանջ ուղերձներ է հղել հասարակությանը: Օրինակ` գրքերից մեկում ասում է. «Կաբարեների գարշահոտության մեջ  Մոցարտը դատապարտված է հրճվելու ցածրաճաշակ երաժշտությամբ»: Եվ սա Էքզյուպերին ապրում է որպես անձնական ողբերգություն և ընթերցողին ստիպում մտածել՝ ինչպես անել, որ  Մոցարտը դատապարտված չլինի»,- ասում է թարգմանիչը:

Նրա խոսքով՝  Էքզյուպերին ընթերցողին ստիպում է  թռիչք անել, նա կարծես ասում է, թե չկա ավելի վատ բան, քան խեղված թռիչքը:  Թամրազյանի մեկնաբանմամբ՝ գրողի կերտած բոլոր հերոսներն ընդունակ են ամեն ինչի, սակայն կա մի բան,  որն անտանելի է հերոսների համար` ականատես լինել խեղված թռիչքի,  ինչի մասին  գրողն  ասում է առանց պաթոսի, այլ պարզ ու հասարակ լեզվով: 

Նշենք նաև, որ «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին): Իսկ գրքի գլխավոր հերոս Ռիվիերի նախատիպը «Աերոպոստալի» տնօրեն Դիդիե Դորան է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին «Գալիմար» հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: