կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-22 17:43
Մշակույթ

Էքզյուպերիի երկու գործերը հայերենով՝ մեկ գրքում

Էքզյուպերիի երկու գործերը հայերենով՝ մեկ գրքում

Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը:

Թարգմանիչը խոստովանեց, որ Էքզյուպերին իր ամենասիրելի հեղինակներից է, և իր համար կրկնակի հաճելի է թարգմանել հեղինակի սիրելի գործերը:

«Շատերի համար գուցե զարմանալի է մեկ գրքով տեսնել առաջին հայացքից այսքան տարբեր թվացող ստեղծագործությունները: «Նամակ պատանդին» գործի էջերում մենք տեսնում ենք Էքզյուպերիի մեծ անձկությունը, կարդում սեփական հայրենիքի ապագայով մտահոգված արվեստագետի, գրողի խոհերը: Մյուս կողմից՝ այս գրքում ներառված է լուսավոր, պայծառ «Փոքրիկ իշխանը», որը չնայած էջերի լուսանցքներում երևացող խոր թախծին, մնում է շատ պայծառ գործ: Իրականում ներքին խոր կապ այս գործերի մեջ, երկուսն էլ ձոնված են ֆրանսիացի մտավորական Լեոն Վերթին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Շուշանիկ Թամրազյանը:  

Ի դեպ, Վերթն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մտերիմ ընկերն էր: Եվ եթե «Նամակ պատանդին» գործի դեպքում Վերթը հանդես է գալիս որպես անանուն հասցեատեր, ապա «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության պարագայում ամեն ինչ ավելի ակնհայտ է: Այս երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսնում 1943 թվականին, Միացյալ Նահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսնում «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են:

Շնորհանդեսի ընթացքում հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Էդիթ Պրինտ»-ը առաջիկայում պատրաստվում է հայ ընթերցողի դատին հանձնել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» և  «Միջնաբերդ»-ը ստեղծագործությունները: Այնպես որ հայ ընթերցողը կշարունակի բացահայտել մեծ գրողի ստեղծագործական ժառանգությունը: Հիշեցնենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս էր ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները:

Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում: