կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 11:21
Մշակույթ

Մեր անկանգ երթի Որոնող՝ հառնած խաչերի ջարդից. նոր բանաստեղծություն՝ Ռ. Դավոյանի հիշատակին

Մեր անկանգ երթի Որոնող՝ հառնած խաչերի ջարդից. նոր բանաստեղծություն՝ Ռ. Դավոյանի հիշատակին

Ռազմիկ Դավոյանին

 

Այժմ, երբ անդարձ լքել ես մեզ ՝

մարմինդ հանձնած մեզ ի պահ,

և հոգիդ առել է թևեր,

երկինք է բարձրանում դանդաղ՝

անսալով Բարձրյալի կանչին,

անունդ, հմայիլ բառերի արքա,

որ երկնում էիր Բանը ոչնչից,

գնում է աներկբա ընթացքով

բազմելու դասում առաջին:

 

Օրերդ՝ հարաձիգ ռեքվիեմ,

ինչպես որ քո երկը հանճարեղ,

մեր մտքի տքնության արտում,

ուր Նոյն էր ակոսներ ծրել,

և քեզ պես հմուտ վարպետներ  

հեղեղել բառի թռիչքով,-

սփռեցին ունդեր ոսկեհուռ՝

շաղախված քրտինքով լույսի՝

քամված չհատնող մեր հույսից:

 

Այլևս ճամփորդ ես հավերժի,

քո ծիրն ես գծում երկնքում ...

Լույսերի հրեղեն ջրվեժից,

ինչպես հրաշեկ մի քրքում,

կապույտը լցվում է ցոլքերով

սալերից ցանուցիր կայծերի,

որ ցեղիդ անթեղված հոգում

բորբոքի կրակը հայկյան,

հավաքի՝ նրան տուն բերի:

 

Լքում ես մեզ իբրև մարմին,

բայց երգդ մեր մեջ է ներկա,

մեր մեջ ես իբրև մունետիկ՝

երկնային պատգամի վկա,

աղոթք ես՝ մեր հոգուց ելնող,

ոգորող շշուկ՝ մեր շուրթին ...

Մեր անկանգ երթի Որոնող՝

հառնած խաչերի ջարդից,

մեր մեջ ես, մեզ հետ ես ամեն օր:

 

13-19. 01. 2022 թ.

Գառնի