Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ ՀՀԿ-ական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ երբ լսում էր ֆինանսների նախարար Արամյանի ելույթը, իր մոտ համոզմունք առաջացավ, որ այս նախագիծը կարող է տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել:
Պատգամավորը նշեց, որ բյուջեի նախագծի հիմքում դրված է տնտեսական առաջընթացի ապահովում: «Ինչպե՞ս: Ներդրումների ապահովմամբ, հարկաբյուջետային հավասար պայմաններով»,- ասաց նա:
Պատասխանելով ընդդիմադիրներին` Մելիքյանը նշեց, որ ոչ բոլոր հարուստ երկրներն են կարողանում պահել իրենց հարստությունը, երբ անարդյունավետ չեն ծախսում, իսկ իրենց քննադատում են արդյունավետ ծախսեր անելու համար: «Ավելորդ հաստիքներ պահելո՞վ պետք է երջանիկ զգանք մեզ»,- հարցրեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են բարձրացնում պետական համակարգի հաստիքների կրճատման հարցերը:
Մելիքյանը նշեց, որ 2018-ին կանխատեսում են ՀՆԱ-ի 4,5 տոկոս իրական աճ, և սա այն դեպքում, երբ ԵՏՄ երկրներում ավելի քիչ աճ է նախատեսված: «Օրինակ` Ռուսաստանում կանխատեսվում է 1,5 տոկոս աճ: Սա նշանակում է, որ մենք ոչ թե այդ համակարգում չպետք է լինենք, այլ նշանակում է, որ մենք այդ համակարգում առաջատար ենք և պետք է օգտվենք այդ դիրքից»,- ասաց նա` հավելելով, որ դա նշանակում է` ճիշտ են վարում տնտեսական քաղաքականությունը:
Պատգամավորն անդրադարձավ հարկային դաշտում հավասարության հարցին: «Դուք ասում եք` ոչ, էսինչ մոլում պետք է լինեն արտոնյալներ: Ինչո՞ւ պետք է մեկում լինեն, մյուսում` ոչ: Բոլորը պետք է ենթարկվեն գործող օրենքին»,- ասաց նա` միևնույն ժամանակ համաձայնելով, որ եթե կան չարաշահումներ հարկայինի կողմից, ապա մեղավորները պետք է պատժվեն, այլ ոչ թե քաղաքականությունը պետք է վերանայել:
Խոսելով աշխատատեղերի թվի կրճատման մասին` Մելիքյանն ասաց. «Կարո՞ղ է լինի, որ աշակերտների թիվը նվազի, իսկ ուսուցիչներինը մնա նույնը կամ ավելանա: Կամ ասում եք` երբ անցնում են թոշակի, պահպանեք: Բա ինչպե՞ս պետք է սերնդափոխություն լինի, և երիտասարդները գան աշխատանքի: Մեր նպատակը սուրճ խմողների հաստիքներ ունենալը չէ: Այո, երիտասարդները պետք է փոխարինեն: Պետք է իրականացվի սերնդափոխություն, և դա պետք է ցավով չընդունենք»,- ասաց նա:
Պատգամավորը հորդորեց մատի փաթաթան չդարձնել այս հարցերը: «Բա ո՞ւր պիտի աշխատի թոշակի անցած ուսուցիչը, բժիշկը և այլն: Վատ բժիշկը պետք է աշխատի գյուղատնտեսության մեջ, իսկ եթե լավ բժիշկ է, նա իր տեղը կգտնի»,- հայտարարեց նա:
Մելիքյանը կոչ արեց կողմ քվեարկել բյուջեի նախագծին, քանի որ այս նախագիծը մեր երկրի համար ապահովում է առաջընթաց: