կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-17 11:27
Հասարակություն

Շատ տխուր է, որ բժշկին համեմատում եք պատշարի հետ. Արա Բաբլոյանը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին

Շատ տխուր է, որ բժշկին համեմատում եք պատշարի հետ. Արա Բաբլոյանը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին

ԱԺ-ում բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Անդրադառնալով օրինագծի դեմ քննադատություններին նշեց, որ ցավալի է և շատ տխուր, որ ունի գործընկներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ:

«Եվ դա այն պարագայում, երբ բժշկի մոտ գնալիս մարդիկ միշտ դժվար հոգեբանական վիճակում են լինում, և հասկանալի է, որ կարող են նույնիսկ չափից դուրս գալ, բայց չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծի ենթարկել այն բանի համար, որ այս կամ այն բուժհաստատությունը, որը պետք է ուղարկեր կանչի այդ բժշկին, այդ պահին մեքենան զբաղված է եղել ուրիշ կանչով: Երբ ծեծել են բժշկին, և մահացել է բժիշկը, դրանից հետո ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ էին տվել»,-հարցրեց նա:

Նշենք, որ, մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին քննադատաբար մեկնաբանում օրենքի նախագիծը:

Բաբլոյանը հիշեցրեց դեպքը, երբ Գյումրիում շտապօգնության բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետև հինգ րոպե ուշացել էր: «Արդյո՞ք բժիշկն է մեղավոր" Եթե ունի մեղավորություն, օրենքը հստակ կարգավորում է տալիս»,- ասաց նա:

Ըստ ԱԺ նախագահի` այս օրենքի նախագծով ոչ թե այս կամ այն մասնագիտությունն առաձնացնում են, ոչ թե ուզում են` բուժաշխատողն արտոնյալ լինի, այլ ընդգծում են, որ նա ծանր պայմաններում է աշխատում: «Մարդիկ գալիս են նյարդայնացած: Բժիշկը կարճ ժամանակում որոշում պետք է ընդունի` կյանքը փրկելու, բայց նրան թույլ չեն տալիս: Ինչպե՞ս կարող ենք բժշկին համեմատել պատշարի և տիեզերագնացի հետ: Զարմանում եմ, որ կան նման մոտեցումներ մեր երկրում: Դուք կարող եք ձեր որոշումն ընդունել, չեմ կարող ուղղակիորեն միջամտել, բայց խնդրում եմ` ճիշտ գնահատեք այս կամ այն մասնագետի անելիքն ու կարգավիճակը»,- ասաց Բաբլոյանը: