կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 23:57
Քաղաքական

Սա բլեֆ է. նպատակը հոգեբանական գրոհով ազդելն է ՍԴ դատավորների վրա. Ռուբեն Մելիքյանը՝ Սահմանադրության փոփոխման նախագծի մասին

Սա բլեֆ է. նպատակը հոգեբանական գրոհով ազդելն է ՍԴ դատավորների վրա. Ռուբեն Մելիքյանը՝ Սահմանադրության փոփոխման նախագծի մասին

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ 37 պատգամավորների ներկայացրած՝ Սահմանադրության փոփոխման նախագծին: Մելիքյանը մասնավորապես նշել է, որ ՍԴ դատավորները հաստատ ունեն անհրաժեշտ իմաստնություն ու խորամտություն՝ այս պարզունակ հակապետական բլեֆը հասկանալու և դրան չտրվելու համար։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ԲԼԵՖ, ՊԱՐԶԱՊԵՍ ԲԼԵՖ

Կեսօրին կայծակի պես տարածվեց 37 ինքայլականների հակասահմանադրական, հակաիրավական, հակապետական նախագծի մասին լուրը։ Իրավաբանները և գիտակից քաղաքացիները շոկ ապրեցին - չէինք հավատում մեր աչքերի տեսածին ու ականջների լսածին։ Մի՞թե սա իրական է։ Մի՞թե 37-ը և մյուս իմքայլականները չեն հասկանում, որ քրեական հոդված են վերցնում։ Ընդ որում, քրգործ հարուցելուց մինչև դատավճիռ երևի 2-3 ամսից ավել չի էլ տևելու. ԱԺ-ից մի քանի փաստաթղթի առգրավում ու զննություն, ինչպես նաև ԱԺ նիստի տեսագրության զննություն - ահա՛ դատավճռի համար անհրաժեշտ և բավարար ապացուցողական բազան։

Մի՞թե ամեն ինչ այսքան պարզունակ է։

Երկար մտածելուց հետո հասկացա, որ այս ամենն իրականում ԲԼԵՖ է, պարզապես բլեֆ։ Ոչ ոք չի գնալու Սահմանադրության փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելուն։ Դրա գինն այնքան բարձր է, որ ԵԽ անդամ ոչ մի պետության ղեկավարություն, որքան էլ էքսցենտրիկ ու պոպուլիստ լինի, երբեք-երբեք դրան չի կարող գնա։

Ուրեմն ո՞րն է այս ամենի նպատակը։ Շատ պարզ։ Հոգեբանական գրոհով ազդել ՍԴ դատավորների վրա, որ «կամավոր» ստորագրեն ու հեռանան։ Հետո արդեն բոլորը կմոռանան այս նախագծի մասին ու կինոն կավարտվի։

Ամեն ինչ այս այստիճան պարզ է։

Բայց այստեղ կա մի մեծ բայց. ՍԴ դատավորները հաստատ ունեն անհրաժեշտ իմաստնություն ու խորամտություն՝ այս պարզունակ հակապետական բլեֆը հասկանալու և դրան չտրվելու համար։ Նրանք, վստահ եմ, շարունակելու են բարձր պահել Իրավունքի գերակայության դրոշը»։