Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տարկետման համար պայքարող և դասադուլ անող ուսանողներից մի քանիսին ընդունեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Վիգեն Սարգսյանը նախ նշեց, որ մեր երկիրը մարտահրավերների առաջ է կանգնած, որոնց պետք է դիմակայել, ապա խոսեց վիճահարույց օրենքի բովանդակության մասին:Օրենքի մասին խոսվել է դեռ ապրիլ ամսից` բոլոր շահագրգիռ մարմինների հետ:
«Տարկետում ոչ միայն լինելու ա, այլ անպայման լինելու ա: Առաջին անգամ 25 տարվա մեջ պետությունը և նրա ամենակարծր կառույց հանդիսացող բանակը քաղաքացուն առաջարկում է 4 այլընտրանք: Այսինքն եթե Սահմանադրությունը ասում է, որ արական սեռի ներկայացուցիչը պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով, ապա այս օրենքը քաղաքացուն տալիս է 4 ընտրություն, որոնք պետության համար և ծախս են և բեռ: Բայց դրանք խորը մտածված առաջարկություններ են, որոնք ուղղված են երկիրը առաջ տանելու: Եթե դուք գտնում եք, որ կա մարդկանց կատեգորիա, որը չպետք է ծառայի, ես դրան սկզբունքորեն դեմ եմ, և որևէ ցույց, դասադուլ չեն կարող ինձ ապացուցել հակառակի մեջ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ըստ նախարարի, պետության ճկունությունը և բանակի արդյունավետությունը պետք է լինի այն, որ կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ` ասելով. «Դու ընտրի, թե ինչպես ես ուզում ծառայել»: Նախարարի խոսքով` պետությունը առաջարկում է 4 տարբերակ:
Դրանից մեկը ավանդական երկամյա ժամկետային ծառայությունն է:
Երկրորդ տարբերակը նրանց համար է, ովքեր ուզում են զինվորական ծառայությունից նաև որոշակի ֆինանսական կուտակում ունենալ` սերտ կապ ունենալով ընտանիքի հետ: Սա փայլուն լուծում է սահմանամերձ բնակավայրերի համար, երբ 3 տարվա ծառայության ընթացքում 7 ամսը արձակուրդի մեջ է իր տանը, և որի դիմաց նա ստանում է 5 միլիոն դրամ:
Երրորդ տարբերակը այն երիտասարդների համար է, ովքեր ուզում են ավարտել բակալավրիատը: Նրանք գնում են ծառայության որպես հրամանատար, ինտեգրելով շարքայիններին և գիտելիքները նրանց փոխանցելով: Պետությունը առաջարկում է սպայական աշխատավարձ, որը 35-40 տոկոսով բարձր է երկրում առկա միջին աշխատավարձից, և սոցիալական բոլոր երաշխիքները: 3 տարի հետո երիտասարդը շարունակում է իր ուսումը:
Չորրորդ տարբերակը` եթե ուսանողը իրականում գիտնական է դառնալու, մասնակցում է առաջարկվող ծրագրին, որը ենթադրում է միջազգային օլիմպիադաներ, գիտական հոդվածների հրապարակում, մրցանակների ստացում: Այդ դեպքում պետությունը նրան վերցնում է որպես սպա` 5 տարով, և այդ դեպքում երիտասարդը կարողանում է գիտությամբ զբաղվել և այն կիրառել ռազմական արդյունաբերության մեջ:Նա օրինակ բերեց բանակում ծառայող մի օնկոլոգի, ով ոչ միայն հնարավորություն ունի հոսպիտալում վիրահատություններ իրականացնել, այլ նաև մասնակցում է միջազգային գիտաժողովների, որոնց ծախսը հոգում է պետությունը:
«Հայաստանը փոքր երկիր է, չի կարող այստեղ գիտության ոլորտի հանճարը, շնորհալին գալ հասնել մի որևէ հանգրվանի, ու երկրի նախագահը, վարչապետը, պաշտպաության նախարարը, կրթության նախարարը չիմանան այդ մասին: Այսօր մենք փորձում ենք բանակը արդիականացնել, մշակել ենք արդիականացման 7-ամյա ծրագիր, եթե դա երիտասարդը չանի, գիտնականը չանի, բա ո՞վ պետք է անի»,- ասաց նախարարը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ օրենքը ոչ թե տարկետումը վերացնելու, այլ` իմաստավորված տարկետման մասին է: