Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անդրադարձավ վաղվանից խորհրդարանում մեկնարկող` ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումներին, թե արդյո՞ք օրենքում հնարավոր են վերանայումներ ուսանողների պահանջով:
«Փոփոխությունների հույս միշտ էլ կա: Արդեն երկու օրենքներն ընդունվել են ԱԺ կողմից: Այս փուլում քննարկումներն ընթանալու են բոլորովին այլ ձևաչափով»,- ասաց Նահապետյանը:
Նրա խոսքով` ինքը ևս, մինչև ԱԺ-ում համապատասխան օրինագծի երկրորդ տարբերակի ներկայացումը, հանդիպում է ունեցել բողոքի ակցայի մասնակից ուսանողների հետ և բավականին տևական զրույց ունեցել նրանց հետ նաև կրթության խնդիրների վերաբերյալ: «Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել հանդիպել, քննարկել հասարակության տարբեր շերտերի հետ խնդրահարույց տարբեր հարցեր: Սա նույնպես վկայում է այն մասին, որ ԱԺ-ն պատրաստակամ է քննարկման առարկա դարձնել նաև զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումների վերաբերյալ խնդիրները»,- հայտարարեց նա:
Լրագրողները Նահապետյանից հետաքրքրվեցին` փոփոխությունների գնալու պատրաստակամություն ունե՞ն, երիտասարդների պահանջը` վերականգնել տարկետման իրավունքը, պատրա՞ստ են բավարարել: Պատգամավորը պատասխանեց. «Օրենքն արդեն ընդունվել է: Այդ հարցի հետ կապված կան հստակ կարգավորումներ, որոնք կառավարության լիազորությունների շրջանակում են: Շատ հարցերի պատասխաններ, այդ թվում` ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի իրականացման կախված են կառավարության լիազորություններից: Այդ շրջանակում կարող ենք համակողմանի քննարկում ունենալ և լսել երիտասարդների մոտեցումները, նաև` գտնել լուծումներ»:
Նահապետյանն ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ օրենքը թեև ԱԺ-ն ընդունել է, բայց նախագահը դեռևս չի ստորագրել: «Այս պահին չենք խոսում օրենքի մասին, դեռևս խոսքը գնում է, որ ԱԺ-ն է ընդունել, իսկ նախագահը դեռ չի ստորագրել»,- նշեց նա:
Ըստ Նահապետյանի` ամբողջական տեսքով հարցերին կանդրադառնան քննարկումների ժամանակ, երբ ուսանողները հստակ կներկայացնեն իրենց առաջարկները, և իրենք այդ ժամանակ էլ յուրաքանչյուր առաջարկին կանդրադառնան:
Հարցին` դեռևս նախագահի կողմից չստորագրված օրենքում պատրա՞ստ են փոփոխություններ անել, Նահապետյանը պատասխանեց. «Սպասենք հանրապետության նախագահի դիրքորոշմանը. դրանից հետո կանդրադառնանք այդ հարցիին: Այս փուլում ԱԺ-ն որևէ կերպ չի կարող անդրադառնալ դեռևս չստորագրված օրենքին: ԱԺ-ն երկու ընթերցմամբ քննարկել է նախագիծը և ընդունել»,- եզրափակեց նա: