կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-30 11:41
Քաղաքական

Տարկետումը վերացնելը կվերականգնի սոցիալական արդարության զգացումը. Թեւան Պողոսյան

Տարկետումը վերացնելը կվերականգնի սոցիալական արդարության զգացումը. Թեւան Պողոսյան

Երկու տարի առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի ու Ռուբեն Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը` ուսումը շարունակելու համար պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման իրավունքը հանելը, արդիական է դառնում այսօր: Երկու տարի առաջ այդ օրենսդրական նախաձեռնությունը չմերժվեց, բայց դրա քննարկումը հետաձգվեց:

Այս  շաբաթ ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ կառավարությունը դիտարկում է այդ օրենքը  խորհրդարան  ներկայացնելու հարցը: Մասնավորապես` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջիկա մեկ ամսում խորհրդարան կներկայացվի օրենքի նախագիծ, որի համաձայն` 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ խիստ որոշակի դեպքերի) պարտավոր կլինեն ծառայել բանակում:

Հիմնական հակափաստարկը, որը հնչում է այս օրենքի նախագծի հետ կապված, այն է, որ տարկետման իրավունքը հանելը վնաս կհասցնի կրթության ու գիտության ոլորտներին:

Yerkir.am-ի հետ զրույցում «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ օրենքի նախագիծն ու այդ հակափաստարկները տարբեր հարթություններում են գտնվում, այսինքն` գիտության զարգացումն ապահովում են համապատասխան ծրագրերը,  ֆինանսավորումը, ներդրումները, լաբորատորիաներ կառուցելը: Պատգամավորի խոսքով` ո'չ Իսրայելի, ո'չ էլ Շվեյցարիայի գիտությունը տուժած չեն կարող համարվել, բայց այդ երկրներում 18 տարեկանները պարտադիր են ծառայում:

«Մենք խոսում ենք այն մասին, որ բոլոր տղաները 18 տարեկանում պարտադիր ծառայեն: Եվ մենք առաջարկել ենք բոլոր մեխանիզմները, որ եթե կան տաղանդներ, որոնք այդ տարիքում պետք է շարունակեն իրենց գործով զբաղվել, նրանք, որոշակի մեխանիզմներին համապատասխան, կարող են տարկետում ստանալ: Կարող է լինել տղա, ով մինչև 18 տարեկանը մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, ասենք` պարի: Բոլորս գիտենք, որ այդ տարիքում են պրոֆեսիոնալ զբաղվում պարով: Կամ` կարող է լինել որևէ ֆիզիկոս կամ մաթեմատիկոս, ով հաջողություններ է ունեցել մի քանի միջազգային մրցույթներում: Այդ դեպքերում կառավարությունը կարող է առանձին դիտարկել այդ մարդկանց տարկետում տալու հարցը` որպես բացառություն: Ու մենք կստանանք հետևյալ պատկերը, որ բոլոր 18 տարեկանները գնում են բանակ, վերադառնալուց հետո, ով ուզում է կրթությամբ ու գիտությամբ զբաղվել, կսովորի: Խնդիր չկա այստեղ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով` դա նաև կարող է վերացնել այդ դաշտում կոռուպցիոն ռիսկերը, որի մասին բոլորը խոսում են, և վերջապես` կվերականգնվի սոցիալական արդարության զգացումը, որ հետո չասեն, որ հարուստ ընտանիքի կամ պաշտոնյայի երեխաները կարողացել են ընդունվել բուհ ու տարկետում ապահովել զինծառայությունից, իսկ մնացածները չեն կարողացել: