Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանի ու Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը «Զինապարտության մասին» և «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին, որով առաջարկվում է հանել ուսումը շարունակելու համարպարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ առաջին անգամ նույն բովանդակությամբ օրինագիծ շրջանառության մեջ է դրվել Ազգային Ժողովում դեռ քսան տարի առաջ, այն ժամանակ պաշտպանության նախարարն էր Վազգեն Սարգսյանը: Պատգամավորի խոսքով, այն ժամանակ էլ եղան ակտիվ քննարկումներ, շատերը դրական էին տրամադրված, սակայն վերջին պահին ԱԺ նախագահը՝ Բաբկեն Արարքցյանը, ով դեմ էր այս օրենքին, դրեց իր վստահության հարցը` սպառնալով, որ հրաժարական կտա: Առաջացավ քաղաքական ճգնաժամ, հարցը քվեարկության չգնաց, ու արդյունքում` Վազգեն Սարգսյանը հետ վերցրեց այդ օրինագիծը: Դրանից հետո տարբեր ձևաչափերով այդ օրինագծին անդրադարձ եղել է:
«Ես և Թևան Պողոսյանը մեկ տարի առաջ ներկայացրեցինք այս նախագիծը, և ես վերջերս դիմեցի կառավարությանը, թե ո՞րն է նրա դիրքորոշումը: Եվ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ամբողջական փաթեթ է մշակում զինապարտության մասին, և մեր առաջարկությունները տեղ կգտնեն այդ փաթեթում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հարցը լայն հնչեղություն ունի, և իրենք պատրաստ են սպասել կառավարության փաթեթի ներկայացմանը:
«Ոչ թե մեր ընտրությունը, այլ մեր ճակատագիրն է դառնալ բանակ-պետություն: Այսօր էլ աշխարհում կան բանակ-պետություններ, որոնք շրջապատված են հակառակորդներով, այնտեղ անգամ կանայք են ծառայում: Շվեյցարիայի ութ միլիոն բնակիչներից մեկուկես միլիոնը կանոնավոր բանակն է կազմում: Այնպես որ` պետք է ելնել պետության յուրահատկությունից: Պետք է կոչ անեմ այս պահին զերծ մնալ քննարկումներից: Խոսել եմ ԿԳ նախարարի հետ, ՊՆ ներկայացուցիչների հետ, Դավիթ Հարությունյանի հետ: Առավելագույնը տասը օրվա ընթացքում հարցը կմտնի խորհրդարան, որպեսզի կրկնություն չլինի: Որոշեցինք առայժմ հանել քննարկումից: Երբ տասը օրվա ընթացքում մտնի խորհրդարան, լիարժեք կքննարկենք հարցը»,- ասաց պատգամավորը: