կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-30 13:15
Հասարակություն

Տնտեսագիտականի ռեկտորը տարկետման իրավունքը վերացնելու հետ կապված մտահոգություն ունի

Տնտեսագիտականի ռեկտորը տարկետման իրավունքը վերացնելու հետ կապված մտահոգություն ունի

Ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը հանելու մասին հարցը կրկին արդիական է դառնում: Այս հարցը բարձրացվել էր նաև տարիներ առաջ: Այն ժամանակ որոշմանը ընդդիմացողները պատճառաբանել էին, որ դրանով մեծ վնաս կհասցվի կրթությանն ու գիտությանը, քանի որ շատերը, վերադառնալով ծառայությունից, այլևս չեն ցանկանա սովորել բուհերում: 2014 թվականին ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը տարկետումը հանելու մասին օրինագիծ ներկայացրեցին ԱԺ՝ ընդգծելով, որ ցանկանում են վերացնել այն միտումը, որ որոշ երիտասարդներ բուհեր են ընդունվում՝ միայն բանակից տարկետում ստանալու համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նման օրենքի նախագծին օրենքի ուժ հաղորդելու վերաբերյալ միանշանակ կարծիք չհայտնեց: Ըստ նրա` սա շատ նուրբ հարց է, և առանց ռիսկերը հաշվարկելու, միանշանակ կարծիք հաղորդելը և որոշակի գործողություններ անելը ճիշտ չէ:

«Այդ թեմայով շատ ենք խոսում և մտածում: Տեսակետներ կան, որ լուծումը դա է, որ հետագա քայլերում բարդություններ չլինեն` մագիստրատուրա, ասպիրանտուրա ընդունվելու, բայց  տեսակետներ էլ կան, որ  կարելի է առանձին մոտեցում ցուցաբերել, ովքեր  հակված են դեպի գիտությունը: Ես այս պահին դժվարանում եմ միանշանակ կարծիք հայտնել, որ 18 տարին լրացածները գնան բանակ, բայց գիտեմ, որ նաև խնդիր կա` լուծելու մագիստրատուրա, ասպիրանտուրա ընդունվելու հարցը»,- ասաց Աթոյանը` հավելելով, որ մտահոգություն կա, որ եթե տղաները գնան բանակ, հետ գան, հետագայում կարող է ցանկություն չունենան ասպիրանտուրա գնալու` ընտանիք կազմելու, տուն պահելու հարցեր կան, բացի այդ` լավ սովորողների մեծ մասը աղջիկներ են, այդ թվում` ընդունվողների: 

«Դրա համար, իմ կարծիքով, պետք է քննարկել, մտածել, ռիսկերը հաշվարկել: Բայց որ լուծելու խնդիր կա, դա միանշանակ է»,- ընդգծեց ռեկտորը: 

Անդրադառնալով բակալավրիատ ընդունվողների դեպքում խնդրի կարգավորմանը` Աթոյանը նշեց. «Պետպատվերով ընդունվողներին, երբ ես ուսումնասիրում եմ, մի զգալի մասը իբր լավ, գերազանց սովորող երեխաներն են, բայց արդեն հաջորդ կիսամյակից երևում է, որ նրանց առաջադիմությունը բավականին ցածր է, այսինքն` ստացվում է, որ նրանք ընդունվել են բանակից խուսափելու համար:  Այսինքն` հարցը միայն մեկ կողմից չպետք է դիտարկել»:

Նա նաև նշեց, որ կարելի է որոշակի կարգավորումներ մշակել կոնկրետ մասնագիտությունների համար:

«Բացի բանակի պահից, բուհերում ռոտացիայի և այլ խնդիրներ էլ կան, անառողջ մրցակցություն է գնում: Պետք է պարզապես խնդիրը խոր քննարկման նյութ դարձնել, լուծում տալ»,- հավելեց Աթոյանը` նշելով, որ եթե անգամ բակալավրիատ պետպատվերով են  ընդունվում, պետք է նաև մագիստրատուրա ու ասպիրանտուրա անվճար հիմունքներով ընդունվել, հակառակ դեպքում` միևնույն է` բանակ պետք է զորակոչվի:

«Քանի որ ԱԺ-ում նաև այդ հարցը բարձրացավ, պետք է քննարկել, ռիսկերը նայել, գուցե այլ ճանապարհներ մտածել: Օրինակ` ես իմ բուհում բացել եմ հրաձգարան: Ասեմ նաև, որ իրենց առաջարկությունը ոչ միայն բանակի հետ է կապված, այլ նաև սուբյեկտիվ  պահերի, թե ովքեր են ընդունվում պետպատվերի տեղերը և նաև դրա հետ է կապված»,- ասաց նա: