կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 14:10
Քաղաքական

Այս օրենքը դիպչում է ամեն հարկ վճարողի, ես դա սթափ գնահատել եմ. Վիգեն Սարգսյան

Այս օրենքը դիպչում է ամեն հարկ վճարողի, ես դա սթափ գնահատել եմ. Վիգեն Սարգսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ նախագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:

Ամփոփիչ ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ անդրադարձել են գրավոր առաջարկություններին, որոնց մի մասն ընդունվել է: Անցկացվել են քննարկումներ հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ` իմանալու նրանց դիրքորոշումը:

Նախարարն անդրադարձավ կամավոր սկզբունքով գումար հավաքագրելու խնդրին: Ըստ նրա` պարտադիր վճարը շատերը հերքում են` պատճառաբանելով թերահավատությունը հիմնադրամների նկատմամբ, մասնավորապես` «Մարտիկ» հիմնադրամն օրինակ բերելով: Վիգեն Սարգսյանի խոսքով` ուսումնասիրվել են «Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունները, պատկերը մտահոգիչ էր, քանի որ երկար տարիների գործունեության ընթացքում նվիրատվությունների թիվը չի գերազանցել 1 միլիոն 200 հազար դոլարը: «Որևէ կոպեկ այդ մայր գումարից չի ծախսվել այլ նպատակներով, քան նախատեսված է «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրությամբ»,- ասաց նախարարը:

Սարգսյանի խոսքով` իհարկե, կարելի էր, բյուջեում վերանայումներ անելով, գտնել գումար, դնել հիմնադրամում` որպես ապահովագրավճար, սակայն որոշել են առանձին տողով հնարավորություն ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար` ցուցաբերելու այն կամքը, որն արտահայտվեց ապրիլին` դա դնելով ավելի կազմակերպված ու իրավական ձևաչափում:

«Այնպես չէ, որ եթե այդ գումարը բյուջեից է, դա կառավարության փողն է, փողը միշտ ժողովրդինն է և միշտ հարկի տեսքով հայտնվում է բյուջեում: Այսօր կառավարությունը բերել է մի նախագիծ, որը նոր վերաբերմունք արտահայտելու ձև է՝ բյուջեի միջոցների հաշվին: Նման նախաձեռնություն բերելով` որևէ մեկը չէր կարող ակնկալել, որ կստանա շատ մեծ աջակցություն, որևէ մեկը, հասկանալի պատճառով, չի դիտարկվում այս օրենքի շահառու: Որևէ մեկը չի ուզում պատկերացնել, որ այս օրենքը վերաբերելու է իրեն: Բայց ամեն մեկը, ով այսօր հարկեր է վճարում, գիտի, որ այս օրենքը դիպչում է իր գրպանին: Ես դա շատ սթափ գնահատել եմ այս նախագիծը ԱԺ բերելիս»,- ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ հավելելով, որ յուրաքանչյուր կողմ ձայնը կարևոր է, իսկ դեմ ձայները ցանկալի չեն, քանի որ այս նախագծին հետևում են նաև այլ պետություններ: