Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ դասադուլ հայտարարած ուսանողների 10 հոգանոց խմբին ընդունել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին իրենց առաջարկին ընդառաջ գնալու և հանդիպելու համար, նախարարն էլ նշեց, որ ընդառաջ գնալու խնդիր չկա` դա պարտականություն է:
Ուսանողների բարձրացրած խնդիրները տարբեր էին `կապված օրինագծի հետ: Նրանց առաջին հարցը հետևյալն էր. «Ինչո՞վ է պայմանավորված համալսարաններում ուսանողների շարժմանը միանալուն խոչընդոտելը, համալսարանի դռները փակ պահելը»:
Նախարարը արձագանքեց. «Ուսանողները դասընթացի մեջ են, և դուք գտնում եք, որ այն պետք է ընդհատվի՞: Խոսքն այն մասին է, մենք ունենք մի վիճակ, երբ ուսանողության 90 տոկոսը զորակոչվում է բանակ և կատարում իր պարտքը հայրենիքի հանդեպ: Դա մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է, և «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվում է փաթեթ` վերականգնել «պահեստազորի սպա» հասկացությունը»,- ասաց նա:
Նախարարը նաև հարցրեց.«Հայրենիքի նկատմամբ պարտականությունը բոլորի՞ համար է, թե՞ ոչ»:
Ուսանողուհիներից մեկը նշեց, որ ներկայումս դիմորդների մոտ անվճար ընդունվելու ձգտում կա, և եթե այս օրինագիծն ընդունվի, նրանց մոտիվացիան կորչելու է, չեն ձգտի ավելի շատ պարապել, իսկ զինվորականի մասնագիտությունը կդառնա առաջնային:
Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն էլ ավելացրեց` խնդիրն այն է, որ իրենք վստահ չեն, որ նման օրինագծի ընդունմամբ լուծվելու է արդարության խնդիրը: «Մենք սկզբունքին դեմ չենք, այն շատ լավն է, սակայն տարկետման ինստիտուտը սահմանափակելու օրինագծով, կարծում ենք, սոցիալական արդարությունը չի վերականգնվի»,- ասաց նա:
Ուսանողների բոլոր հարցերն ու մտահոգությունները լսելուց հետո ԿԳ նախարարը նշեց, որ իր դիրքորոշումը հստակ ասել է, որ հարկավոր է երկու կարևոր խնդիր հստակ տարանջատել: Ըստ նրա` պետք է ֆիքսել այսօրվա վիճակը, նաև` թե ինչ են փոփոխելու:
«Խոսակցությունն այնպես գնաց, որ կա համատարած տարկետման իրավունք: Մենք տարկետում ենք տալիս ամեն տարի ընդամենը 5-6 հարյուր հոգու` բակալավրիատում: Եթե նայենք այս թվի բաշխվածությանը, ապա այն հավասար է բոլոր ֆակուլտետների միջև: Այնպես չէ, որ ռադիոտեխնիկային շատ ենք տալիս տարկետում, բժշկականին` քիչ, հավասարապես է բաշխված»,- ընդգծեց Մկրտչյանը:
Ըստ նախարարի` ՊՆ օրինագիծը համալիր է և փորձում է փոխել պարտականությունը: «Երկու սկզբունք է դրված: Նախ` ՀՀ որևէ քաղաքացի հայրենիքին ծառայության համար արտոնություն չունի, իսկ երկրորդ սկզբունքը դրա համար մեխանիզմներ ձևավորելն է»- ասաց նա:
Մկրտչյանն անդրադարձավ ուսանողների նշած սկզբունքին, թե գիտության ոլորտում անընդհատությունը կարևոր է: «Որոշակի ուղղությունների մեջ անընդհատությունը շատ կարևորում եմ, բայց դա չի նշանակում որ մենք ՊՆ այդ ընդհանուր սկզբունքը պահելու հետ մեկտեղ չենք կարողանա այդ խնդիրները կարգավորել: Հնարավորություն կա այնպես անելու, որ այդ վառ անհատականությունները մասնագիտական հետընթաց չունենան, բայց դա չի կարող կատարվել արտոնյալ ձևաչափով»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով գիտության ոլորտին` Լևոն Մկրտչյանը նշեց, որ գիտության խնդիրը ոչ թե ավելի շատ տարկետումով է պայմանավորված, այլ` գիտությունը երիտասարդի համար մոտիվացնելով: Նա համաձայնեց, որ գիտությանը պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։ «Կարող ենք երեք այսպիսի դահլիճ լցնել մարդկանցով, ովքեր թեկնածուական ունեն, բայց բացարձակ մոտ չեն գիտությանը, գիտության հոտը չգիտեն: Մեղավորությունը, պատասխանատվությունը ունե՞նք, իհարկե, ունենք, բայց դրա համար կառուցվածքային փոփոխություններ պետք է անենք»,- ասաց նա և ավելացրեց, որ օրենքը հետաձգելու անհրաժեշտություն չկա
Ըստ նախարարի` կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները չի կարելի կապել այս օրենքի հետ:
Ուսանողները նշեցին, որ դասադուլը շարունակվելու է, քանի որ իրենք կոնկրետ փոփոխություն են ուզում:
Նախարարը խորհուրդ տվեց դադարեցնել դասադուլը և նշեց, որ միշտ պատրաստ է հանդիպել: «Այս օրինագիծն անցել է սահմանված բոլոր ընթացակարգերը, ունի հետևում քաղաքական ուժեղ հենարան»,- ասաց նա: