Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում են 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները: ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ հարկահավաքման թերակատարման գործում օբյեկտիվ գործոններ են արձանագրվել, դրանք են՝ ներմուծումների էական կրճատումը, օրենսդրությունը և հարկային արտոնությունները:
Ալավերդյանը բացատրեց, որ, ենթադրենք, ձեթը, ցորենը կամ անվադողերը եթե երրորդ երկրներից էին բերում և 32%-ի չափով եկամուտներ ունենում, ապա 2015-ին այդ ապրանքները սկսեցին ներմուծվել ՌԴ-ից: «Այս պարագայում հասկանալի պատճառներով կորցրեցինք ներմուծման հետ կապված հարկատեսակներ»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ նրա, ԵՏՄ երկրներից ԱԱՀ գանձում են, բայց, հաշվի առնելով, որ գանձման գործընթացում էլ հաշիվ-ապարատների հիման վրա մաքսատուրքը չի արտացոլվում, բազան նկատելիորեն նվազել է, եկամտային մեծ կորուստ եղավ:
Ինչ վերաբերում է մյուս օբյեկտիվ պատճառին՝ օրենսդրության ազդեցությանը, Ալավերդյանը նշեց, որ հարկային մի շարք արտոնություններ տրվեցին սահմանամերձ համայնքներին` բիզնես գործունեությունը հարկերից ազատվեց, շրջանառության հարկի շեմը բարձրացվեց, արդյունքում` 3,8 մլրդ դրամի կորուստ եղավ: Նաև ընտանեկան բիզնեսին արտոնություններ տրվեցին: Արդյունքում` ՊԵԿ-ը 18 մլրդ դրամ կորցրեց:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց անցնել հարցերին, որովհետև, ըստ նրա` «էսօր ահագին բան-ման ա փոխվել»:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց մաքսազերծման գործընթացքում առկա «հսկիչ գին» հասկացողության մասին` կարծիք հայտնելով, որ այն կոռուպցիայի բուն է: ՊԵԿ փոխնախագահը բացատրեց, որ հսկիչ գինը ճշգրտվում է այն ժամանակ, երբ մաքսազերծման ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, երբ հարցադրումներին հստակ պատասխան չի գալիս, թե ինչ գնով է ձեռք բերվել տվյալ ապրանքատեսակը: Եվ հակառակը` հսկիչ գինը չի տարածվում այն երկրներից բերված ապրանքների վրա, որոնց փաստաթղթերը հստակ են:
«Հարկային նոր օրենսգիրքն արդեն ԱԺ-ում է, այդտեղ շատ հետաքրքիր լուծումներ կգտնեք` ձեր հարցերին ի պատասխան»,- ասաց Արմեն Ալավերդյանը: